Search
Close this search box.

Ինչ է ասում ՀՀ ոստիկանապետը

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել է ոստիկանության անձնակազմին, վետերաններին, բոլորի ընտանիքներին ու հարազատներին:

«Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, բոլորի ընտանիքներին ու հարազատներին:

2022 թվականը կարևոր տարի էր հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի մեր առաքելության իրականացման, համակարգի բարեփոխումների ընթացքը հաստատապես շարունակելու և ոստիկանության գործունեության հանդեպ հանրային հավատի ամրապնդման գործում:

Ոստիկանությունը կրկին կոռուպցիայի, անօրինականության, սոցիալական անարդարության դեմ պայքարի առաջին գծում էր՝ հանուն օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի գերակայության և համակարգի ինքնամաքրման շարունակական գործընթացով հավաստելով հավատարմությունն իր կոչմանն ու գործին:

Անցած տարին ևս մեկ քայլ էր բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչի վկայությունը պարեկային ծառայության կայացումն է մայրաքաղաքում և ոստիկանական աշխատանքի այս արդիական եղանակի ներդրումն ու ընդլայնումը հանրապետության մարզերում: Պարեկային ծառայության արդյունավետ աշխատանքը կարևոր ձեռքբերում է ոչ միայն մեր գործառույթների լիարժեք իրականացման, այլև ոստիկանություն-հասարակություն կապի հետևողական ամրապնդման առումով, ինչը արդեն իսկ մեր պրոֆեսիոնալ աշխատանքի գրավականներից է դառնում:

Անցնող տարում, իհարկե, թերացումներ ու բացթողումներ էլ կային, և հենց ինքներս էինք դրանց շտկման նախաձեռնողը, որովհետև աշխատանքային հաջողության հիմքում միշտ անաչառ ինքնագնահատականն ու սեփական սխալներն ուղղելու կամքն է:

Հաջողության հիմքում մեր միասնությունն է, նվիրումը գործին, մշտական ինքնակատարելագործումը, մարդկային և մասնագիտական որակների բարձրացումը:

Համոզված եմ, որ այս սկզբունքով ու ջանադրությամբ գործելու ենք նաև 2023 թվականին և հաջորդ տարիներին:

Այս հավատով՝ կրկին շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին, ոստիկանական ընտանիքներին, որոնք ամուր թիկունք են մեզ համար:

Շնորհավորում եմ մեր քաղաքացիներին, որոնց վստահությունն ու աջակցությունը ուժ են տալիս արդյունավետ գործելու մեր պրոֆեսիոնալ ոլորտում:

Շնորհավորում եմ բոլորին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:

Թող Նոր տարին խաղաղությամբ, սիրով, շենությամբ մտնի բոլորիս օջախներն ու բերի բոլոր իղձերի կատարում:

Երջանիկ եղեք»,- ասված է ուղերձում:

Please enter a valid URL