ՌԴ խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք անընդունելի է և դիտարկվում է որպես կանխամտածված գործողություն, որը զգալի վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտահոգություն է հայտնում, որ միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթաց չկա։ Զախարովայի խոսքով` ռուսական կողմը, մասնավորապես՝ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
«Ընդգծում ենք, որ հենց ՌԴ խաղաղապահներն են առանցքային ներդրում ունենում իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում»,– ասված է ՌԴ ԱԳՆ–ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
ՌԴ արտգործնախարարությունը կոչ է անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները:
«Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար: Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքերի շահագործման հարցի շուրջ»,– նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և երկու երկրների հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև շփումների հաստատմանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։