Search
Close this search box.

Ես Լեռնային Ղարաբաղը դիտարկում եմ որպես ինքնորոշված տարածք. Կոնստանտին Զատուլին

Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը, կարծում է ՌԴ Պետդումայի պատգամավորը։

Ադրբեջանը չի կարողանում դուրս գալ այն փակուղուց, որում ինքն իրեն դրել է սեփական հռետորաբանությամբ: Երկիրը նման կերպով արգելափակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակապի ընթացքում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթաց չեմ կանխատեսում մոտ ժամանակում: Կարծում եմ` դա երկարատև գործընթաց է: Ներկայիս տրամադրվածության, այդ թվում և Ադրբեջանում, այդ երկրի ղեկավարության մոտ առկա տրամադրվածության պարագայում դժվար է նման բան ակնկալել»,- ասաց նա:

Նա նշեց, որ ինքն ու իր գործընկերներն այս պահին ակնկալում են, որ ապագայում հակամարտությունում չվերսկսվեն նոր սուր պոռթկումները և ռազմական գործողությունները, չլինի արյունահեղություն: Նրա համոզմամբ՝ դա ներկայիս ամենակարևոր դիրքորոշումն է, որը պետք է պահել:

«Ես Լեռնային Ղարաբաղը դիտարկում եմ որպես ինքնորոշված տարածք և հակված չեմ մտածելու, որ այն երբևէ, որևէ հանգամանքների պայմաններում կվերադառնա Ադրբեջանի կազմ: Դա, իմ կարծիքով, դեպքերի զարգացման բացարձակ անհնար տարբերակ է»,- ասաց պատգամավորը:

Զատուլինը նշեց նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցներով շատ հաճախ հնչող վիրավորանքներն ու ծայրահեղ գնահատականները որևէ կերպ չեն կարող օգնել կողմերին:

Please enter a valid URL