Բրազիլիայի կառավարությունը լեգենդար Պելեի մահվան կապակցությամբ երկրում սուգ է հայտարարել, հայտնում է երկրի կառավարությունը:
«Պաշտոնական սուգ է հայտարարվել ամբողջ երկրում երեք օր ժամկետով հրամանագրի հրապարակման օրվանից՝ նախկին ֆուտբոլիստ Պելեի՝ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուի մահվան կապակցությամբ», — նշված է հրամանագրում:
Հիշեցնենք` Պելեին հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել էր մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Պելեին հոսպիտալացրել էին 2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստաղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար:
2022 թվականին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել էր երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման համար։
ՀՖՖ–ն ցավակցություն է հայտնել լեգենդար Պելեի մահվան կապակցությամբ
Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Բրազիլացու օրգանիզմում քաղցկեղ էր զարգանում, երիկամների և սրտի աշխատանքի խաթարման պատճառով նա նաև ինտենսիվ խնամքի կարիք ուներ։ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային։
Բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող Էդսոն Արանտիս դու Նասիմենտոuն, որն ավելի հայտնի է որպես Պելե, ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նա աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որը որպես խաղացող երեք անգամ աշխարհի չեմպիոն է դարձել (1958, 1962 և 1970 թվականներին): ՖԻՖԱ-ի ֆուտբոլային հանձնաժողովի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
Պելեն աշխարհի չորս առաջնությունների մասնակից է, Միջմայրցամաքային գավաթի և Լիբերտադորեսի գավաթի կրկնակի հաղթող, միջմայրցամաքային Չեմպիոնների Սուպերգավաթի հաղթող: Բրազիլիայի հավաքականի կազմում նա 92 հանդիպում է անցկացրել ու 77 գոլ է խփել։