Հայաստանցի մի շարք պաշտոնյաներ ու մականունավորներ կարողացել են այս երկրում հսկայական գումարներ դիզել ու այն արտահանել երկրից դուրս: Դրանց թիվը բավականին շատ է: Սակայն մեր անդրադարձն այս անգամ առնչվում է հայաստանցի փողատերերի չեխական բիզնեսին: Պարզվում է` Չեխիայում բիզնես ունի Գյումրու քաղաքապետի ընտանիքը, ով ի դեպ այս տարվա ամանօրյա իր արձակուրդն անցկացրեց Դուբայում: Աղետի գոտու քաղաքապետի դուստրը՝ Ադելինա Բալասանյանը, ամուսնու` Դավիթ Սամվելյանի հետ, 2016 թ. ձեռք են բերել Պրահայում գրանցված «VRN GROUP Invest» ՍՊԸ-ն: Սամվելյանը դարձել է դրա 60, իսկ Բալասանյանը՝ 40 տոկոսի փայատեր: Ընկերությունը զբաղվում է հրուշակագործությամբ:
Չեխիայում բիզնեսմեններ են նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի զավակներն ու փեսան: Նրանց ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ, առք ու վաճառքով:
Չեխիայում անշարժ գույքի բիզնեսով է զբաղվում նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի ընտանիքը:
Երևանի մեկ այլ նախկին քաղաքապետ, իսկ այժմ` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ևս մեծ հակում ունի անշարժ գույքի բիզնեսի հետ: 2008-ին նրա որդին ու հարսը` Լեւոն Նազարյանն Մարինե Գեւորգյանը, Պրահայում հիմնադրել են «LEMAR INVEST» ՍՊԸ-ն, որի գործունեության տեսակ է նշվել անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությունը:
Չեխիայում անշարժ գույքի բիզնեսից զերծ չէ Հայաստանի մականունավոր խավը, մասնավորապես՝ ծառուկյանական նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի ընտանիքը, որը նույնպես զբաղվում են անշարժ գույքի առք ու վաճառքով:
ArmLife.am