Նոյեմբեր ամսին էր, որ Կապանից Կարինե Վարդանյանը, ով պարբերաբար նախաձեռնություններ է իրականացնում, դիմեց իր համաքաղաքացիներին՝ հավաքվել կամավորական ծրագրի շուրջ: Այս անգամ ծրագրված էր ձմեռվա շեմին տաք գուլպա հասցնել առաջնագիծը պահող մեր զինվորին: Օրեր հետո «Դեպի առաջնագիծ, տաք գուլպա՝ զինվորի համար» ծրագիրը թափ առավ։
Այսօր արդեն կամավորները գոհ են՝ իրենց փոխանցած ջերմությունը հասավ զինվորին․ «Ջերմություն ենք ուղարկում առաջնագիծ։ Շնորհակալ ենք մեզ աջակցող բոլոր կամավորներին, շնորհակալ ենք տիկին Ռոզա Ծառուկյանին մշտապես մեզ աջակցելու և իր մայրական օրհնանքով թելերը տրամադրելու համար։
Մեր նպատակը հենց ձեռքերով գուլպաներ գործելն է։ Մայրիկներն ու տատիկները ամեն գործված հատի հետ իրենց ջերմագին բարեմաղթանքն ու օրհնությունն են փոխանցում առաջնագծում սահմանը խաղաղ պահող մեր զինվորներին։
Աստված բոլորին պահապան լինի։ Մեր հերթական կամավորական ծրագրի այս մի փուլն էլ ավարտեցինք»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է նախաձեռնության հեղինակ Կարինե Վարդանյանը։
Կամավորական հաջորդ ծրագիրը զինվորի համար ևս մեկնարկել է․ Նոր տարվանից կսկսեն պատրաստել քողարկման ցանցեր և ուղարկել առաջնագիծ։