Հասկանալի է, մենք հաշվի ենք առնում, որ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, ուստի որպես միջնորդ անփոփոխ այնպիսի դիրքորոշում ենք որդեգրում, որը թույլ է տալիս արդյունավետ կատարել այդ գործառույթը։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններն այն մասին, թե այժմ ՌԴ-ի համար ստեղծվել է Հայաստանի կողքին կանգնելու եւ նրա ինքնիշխանությունը պաշտպանելու հնարավորություն, իսկ Երեւանում սպասում են համապատասխան գործողությունների։
Արդյո՞ք Մոսկվան կկողմնորոշվի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Երեւանի հետ իր դաշնակցային հարաբերություններում։
«Ես չեմ ցանկանում պարզել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր հիշատակած քաղաքական գործիչը։ Եթե խոսքը հայ-ադրբեջանական կարգավորմանը ռուսական աջակցության մասին է, ապա Ռուսաստանն այստեղ հենվում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի վրա, ներառյալ 2020թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021թ. նոյեմբերի 26-ի եւ 2022թ. հոկտեմբերի 1-ի հայտարարությունները։ Հենց դրանք են հուսալի հիմք կազմում Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու համար։ Հասկանալի է, մենք հաշվի ենք առնում, որ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի հետ, ուստի որպես միջնորդ անփոփոխ այնպիսի դիրքորոշում ենք որդեգրել, որը թույլ է տալիս արդյունավետորեն կատարել այդ գործառույթը։ Եւ ես լիահույս եմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն։ Իսկ եթե խոսքը ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունների մասին է, ապա Երեւանի շահագրգռության դեպքում կազմակերպության մյուս անդամ պետությունները պատրաստ կլինեն Հայաստան ուղարկել մոնիթորինգային առաքելություն»,- նշել է Զախարովան։