Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը 2023 թվականի հունվարի 1-ից կներդրվի նաև 1000 և ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Այս բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, խնամքի նպաստ ստացողները, ոորոնք իրենց գումարը մինչ այս ստացել են «Հայփոստի» միջոցով, վճարող կազմակերպությունը փոխելու և բանկ ընտրելու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այն անձինք, որոնք մինչև տարեվերջ չեն դիմի բանկ ընտրելու համար, 2023 թվականի հունվարին իրենց կենսաթոշակը կամ նպաստը կստանան ծրագրային մոդուլով պատահականորեն ընտրված բանկի միջոցով։
Հիշեցնենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն` 2022 թ.-ի հունվարի 1-ից կենսաթոշակները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։ Բացառություն են կազմում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, որոնք իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «ՀայՓոստի» միջոցով:
Ի դեպ, առաջարկվում է նաև 2024-ին 1000-ից պակաս բնակչություն ունեցող վայրերում նունպես անցնել այս ռեժիմին։