Search
Close this search box.

Արցախից տեղեկացնում են

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել և հավանություն է տրվել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Նշվել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և էլեկտրաէներգիայի խնայողությունները:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ ոլորտի պատասխանատուների հետ միասին երեկ հանդիպում է ունեցել տնտեսվարողների հետ՝ քննարկելու համար սահմանափակումների կիրառման նպատակահարմարությունը և ողջունելի է համարել վերջիններիս կողմից ցուցաբերված լիակատար փոխըմբռնումն ու աջակցությունը: Նրանցից շատերն արդեն իսկ չեղարկել են բազմամարդ հանդիսությունները՝ այս իրավիճակում դրանք ոչ նպատակահարմար համարելով: Պետնախարարը հանձնարարել է պատասխանատուներին հանդիպման ընթացքում տնտեսվարողների կողմից արված առաջարկները հաշվի առնել կառավարության որոշման նախագծում:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև կանխիկ դրամաշրջանառության հետ կապված իրավիճակին: Զեկուցվել է, որ հանրապետությունում առկա է կանխիկ գումարի բավարար ծավալ, պարզապես իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպություններն ու անհատ անձինք սկսել են ավելի շատ դրամ կանխիկացնել և չծախսել այն, ինչն անդրադառնում է կանխիկի շրջանառության ծավալների վրա: Պետնախարարը նկատել է, որ ստեղծված պայմաններում շատ ավելի ճիշտ է գումարը պահել անկախիկ եղանակով, և հանձնարարել է իրազեկման համապատասխան աշխատանքներ իրականացնել:

Նիստի ընթացքում զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Please enter a valid URL