ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է մարտի 1-ից մինչև մայիսի 12-ն անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Գերատեսչության ներկայացրած նախագիծը հրապարակվել e-draft.am հարթակում։
«Նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրով»,– ասված է նախագծում։
Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրով։