Դեկտեմբերի 28-ին, ժամը 03։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և բռնկվել․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում «Lexus RX» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 2005 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:29-ին, մարվել՝ 03:55-ին: Այրվել է ավտոմեքենան․ ներսում հայտնաբերվել է վարորդի այրված դին:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են համապատասխան աշխատանքներ վարորդի դին դուրս բերելու համար։