«Հայ խաչակիրների ազատագրական շարժման» ղեկավար Արթուր Ասատրյանը. ով հայտնի է նաև Դոն Պիպո մականվամբ, դեկտեմբերի 15-ին արտահերթ կոչով դիմել էր աշխարհի հայությանն ու միջազգային հանրությանը՝ ահազանգելով, որ Արցախի հայությունն այսօր ցեղասպանության վտանգի առջև է կանգնած։ Լաչինի միջանցքը 10 օրում չապաշրջափակելու դեպքում Արթուր Ասատրյանը «սպառնում» էր միավորել հարյուրավոր խաչակիրների և մեկնել Արցախ՝ թշնամուն հուժկու հակահարված տալու և արդյունքում՝ Լաչինի միջանցքը բացելու նպատակով: Ասատրյանը նաև հավելել էր, որ իրենց չեն խնայելու և պատրաստ են պատերազմել և մեռնել հանուն հայ ազգի:
Արթուր Ասատրյանի հնչեցրած վերջնաժամկետից հետո անցել է արդեն ոչ թե 10, այլ 12 օր, սակայն, հարյուրավոր խաչակիներին ի մի բերելու գործընթացը և «սրբազան պատերազմը» կյանքի ճանապարհը բացելու ուղղությամբ դեռևս չի մեկնարկել: Օրերս ունեցած իր ելույթներից մեկում Ասատրյանը փորձեց խմբագրել իր կողմից նախկինում հնչեցրած հայտարարությունները՝ նշելով, որ ինքն ու իր խաչակիրները հենց այս պահին էլ պատրաստ են հասնել Հայաստան և բացել կյանքի ճանապարհը, սակայն որոշ հեղինակավոր կառույցների և անհատների հետ քննարկումներից հետո, հնարավոր է, որոշում կայացնեն դեռևս չխանգարել ընթացող բանակցություններին: Այսինքն՝ վերջնական որոշում Դոն Պիպոն և իր «խաչակիրներն» այդպես էլ չկայացրին:
Որևէ կասկած չունենալով Արթուր Սսատրյանի բարի նկատառումների հանդեպ, այնուամենայնիվ, շատերի մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչու ի վերջո ինքն և իր խաչակիրները այդպես էլ չհասան Հայաստան և այդ որ «հեղինակավոր կազմակերպություններն» ու անհատներն են խոչընդոտ հանդիսացել կամ համոզել վերջինիս զերծ մնալ այդ քայլից: Հույս ունենք, որ մոտակա եթերներից մեկի ընթացքում ինքը՝ Ասատրյանը, կխոսի այս մասին և կբացահայտի այդ կազմակերպությունների և անհատների անունները: Սա անչափ կարևոր է նաև հենց իր՝ Ասատրյանի համակիրների համար, որպեսզի վերջիններս վստահ լինեն, որ գործ ունեն ոչ թե հերթական պոպուլիստական հայտարարությունների հետ, այլ կոնկրետ «ճանապարհային քարտեզի», որի իրագործումը այս պահին ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով ձգձվում է…
lurer.com