Search
Close this search box.

Ի՞նչ են գրում ադրբեջանցիները Ստեփանակերտի ցույցի մասին. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

Մանրամասն ուսումասիրել եմ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում և սոցցանցերում ընթացող քննարկումները Ստեփանակերտի հանրահավաքի վերաբերյալ: Ներկայացնում եմ դրանցից ամենաուշագրավները: Մի օգտատեր քննարկում է առաջարկել հետևյալ թեմայով. «Ունե՞նք մենք արդյոք հայեցակարգ, թե ինչ ենք անելու Ղարաբաղի հայերի հետ: Ըստ Ալիևի՝ նրանք կստանան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Եթե ես լինեի ՀՀ քաղաքացի ու իմանայի, որ կարող եմ ստանալ նույն «իրավունքները» ինչ ունեն Ադրբեջանի քաղաքացիները իմ գլխի մազերը բիզ–բիզ կկանգնեին այդ մտքից անգամ: Ես մտածում եմ, որ պետք է նրանց մշակութային ինքնավարության տալ, կամ նույնիսկ չխանգարել, որ ՄԱԿ–ը կամ ԵԱՀԿ–ն գրասենյակներ բացեն այնտեղ, որ հայերն իրենց ապահով զգան: Ես հասկանում եմ, որ շատերիս ավելի հարմար է «Ղարաբաղն առանց հայերի» կոնցեպտը: Չկան նրանք, չի լինի խնդիր, բայց էթնիկ զտումներն աշխարհը չի հասկանա…»: Կարճ ասած՝ նա ընդունում է, որ Ադրբեջանը բռնապետական երկիր է, որտեղ քաղաքացիները չունեն իրավունքներ: Ավելին, ադրբեջանցիների մեծ մասն ուզում է հայերից ազատվել, բայց առաջարկում է ավելի «բարի» լինել, որպեսզի միջազգային հանրության աչքին գազան չերևան: Ավելորդ է ասել, թե նման առաջարկն իսկ որքան հայհոյանքի է արժանացել մյուս ադրբեջանցիների կողմից:
Կայքերից մեկում էլ մի այսպիսի վերնագրով հրապարակում էր հայտնվել. «Ռուբեն Վարդանյանը պատերազմ է հայտարարում Բաքվին»: Մեջբերեմ ամենահետաքրքիր հատվածները. «Ալիևի այն հայտարարությունը, որ Բաքուն ճնշումների ներքո որևէ կերպ իր դիրքորոշումը չի փոխի, նախևառաջ հասցեագրված էր Մոսկվային:
Այս ցույցով ուղերձ էին հղում նաև Եվրոպային, որ «Ղարաբաղը չի ուզում լինել Բաքվի հետ»: Ուստի Վարդանյանն ամեն ինչ արել էր մասշտաբային ցույց ապահովելու համար: Բաքվի համար այս իրավիճակում ամենավտանգավորն այն է, որ բոլորը՝ Հայաստանը, ՌԴ–ն, Արևմուտքը միակամ են այս հարցում՝ Բաքվի դեմ: Դրանով է պայմանավորված Վարդանյանի ինքնավստահ պահվածքը»:

Ադրբեջանական ներքին լսարանին ուղղված մամուլը հարկադրված է արձանագրել, որ միջանցքի փակումը բուռն արձագանքի է արժանացել միջազգային հանրության կողմից: Ուստի, երբ Ալիևը հոխորտում էր իր վերջին ելույթում, որ ինքը չի փոխի որևէ բան, ով էլ որ զանգահարի, դա նշանակում է իր վրա մեծ ճնշումներ կան, որոնցից նա փորձում է պաշտպանվել: Այս ֆոնին պատահական չէ, որ Ալիևը նոր թափ տվեց «Արևմտյան Ադրբեջանի» թեմային: Ամբողջ ադրբեջանական քարոզչադաշտը գրում է, որ «Ալիևը վերադարձնում է Զանգեզուրը»: Սա և՛ ներքին լսարանին է ուղղված՝ հերթական հայատյացության չափաբաժնով, և՛ մեզ՝ որ ընկնենք վախերի մեջ: Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ Սյունիքի թիկունքը պահողը Արցախն է: Արցախի տարածքների կորուստը անչափ խոցելի են դարձրել Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը: Դա գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ զիջումները միայն մեծացնում են Ալիևի ախորժակը, իսկ չզիջելու համար պետք է ամենօրյա մակարդակով աշխատել՝ բոլոր ճակատներով՝ ռազմական, դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական և այլն: Ցավոք, մեզ հրամցնում են կեղծ ու անիմաստ օրակարգեր, քանի որ որոշում կայացնողները չունեն լուծումներ և անկարող են, ուստի գերադասում են զուգահեռ կեղծ իրականություն ստեղծել հանրության համար, մինչդեռ ժամանակը արագ է վազում, իսկ մեզ ինչպես հարկն է մեր գալիք փորձություններին չեն պատրաստում: Մնում է անել դա անձնական և խմբային մակարդակներով, որպեսզի հարցականի տակ չդնենք հայոց պետականությունը:

Please enter a valid URL