«Հրապարակը» գրում է, որ բավականին լարված են Ռուբեն Վարդանյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հարաբերությունները։ «Եթե նախկինում Վիտոն ռուսների ու ադրբեջանցիների հետ թիվ մեկ բանակցողն էր, հիմա նրան հետին պլան են մղել, եւ նա նախօրեի հանրահավաքին անգամ չի մասնակցել»,- գրում է թերթը։
Ըստ թերթի աղբյուրի՝ Վարդանյանը պահանջել է՝ կա՛մ ես, կա՛մ՝ Բալասանյանը։ Եվ չի բացառվում, որ Վիտոն հրաժեշտ տա պաշտոնին։ Շրջանառվում է անգամ նրան փոխարինողի անունը՝ ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյան՝ Ռիժի Լյովը։ Եվ մի մանրամասն էլ․ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն ակտիվորեն մասնակցում է իշխանական վերադասավորումներին եւ աջակցում է Ռուբեն Վարդանյանին։
Ըստ արցախցիների՝ հանրահավաքի կարեւոր ուղերձը պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոստումն էր, որ ոչ մի զիջում չի լինելու Ադրբեջանին։ Իսկ այն, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ելույթ չունեցավ, խոսում է այն մասին, որ Արցախում սահուն իշխանափոխություն է սկսվել, ու Փաշինյանին մերժել չկարողացող Հարությունյանի փոխարեն իշխանության է գալիս մերժելու ունակ Վարդանյանը։
«Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ բոլոր նրանք, ովքեր արցախցիների եւ Արցախի հաշվին պատրաստ են զիջումների, տեղ չեն ունենալու նոր ձեւավորվող կաբինետում»,- գրում է թերթը։