Search
Close this search box.

«Հրապարակ». Ինչո՞ւ են Ռուբեն Վարդանյանից փորձում ազատվել լևոնականներն ու ազերիները

«Հրապարակ» թերթը գրում է. Որքան Արցախում բարձրանում է պետնախարար Ռուբեն Վարդանյանի ռեյտինգը, այնքան ուժեղանում է նրա դեմ պայքարը։ Ոմանք անգամ Լաչինի ճանապարհի փակման մեղքն են փորձում նրա վրա բարդել։ Հայտնի լրագրող, փորձագետ Թաթուլ Հակոբյանը մասնավորապես գրել էր. «Եթե ուզում ենք Նոր ԱՂԵՏ-ից խուսափել… պետք է ԼՐՋՈՐԵՆ քննարկվի հարգարժան Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնում նշանակվելու նպատակահարմարությունը»: Եվ վկայակոչել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արցախից անհապաղ պետք է հեռանա:

Լրագրող Թաթուլ Հակոբյանն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրն է՝ երդվյալ լեւոնական: Ստացվում է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանից այսօր վտանգ տեսնում են լեւոնականներն ու ադրբեջանցիները: Այս մասին «Հրապարակը» զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

«Թաթուլ Հակոբյանը չունի այն նշանակությունն ինձ համար, որ ես իրեն մեկնաբանեմ, սակայն մի բան կասեմ. մենք մշտապես ողջունել ենք, որ մեր հայրենակիցն Արցախ գալու որոշում է կայացրել, եթե մինչ պատերազմը նորմալ էր, որ մեր հայրենակիցները տարբեր տեղերից Արցախ էին վերադառնում, ապա այժմ նման քայլերը խիստ գնահատում եւ կարեւորում ենք: Նման քայլերը ես համարում եմ գիտակցական, իսկ յուրաքանչյուր նման գիտակցված քայլ ողջունելի է: Ես ամեն բան փորձում եմ օբյեկտիվ դիտարկել, չունեմ կողմ կամ դեմ կարծիքներ: Փաստ է, որ հատկապես վերջին 2 շաբաթվա ընթացքում, Ռուբեն Վարդանյանի անվամբ պայմանավորված, միջազգային հարթակներում Արցախի մասին խոսվեց ավելի շատ, քան 44-օրյա պատերազմի օրերին: Շեշտում եմ՝ շնորհիվ Ռուբեն Վարդանյանի: Այսօր միջազգային կոչերն ուղղված են բացառապես Ադրբեջանին: Թե՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակ, թե՛ Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ պատահական չէ, որ երկու անգամ շոշափվեցին Ռուբեն Վարդանյանի անունն ու նրա՝ Արցախում լինելու փաստը: Երեկ այդ հանդիպման ժամանակ առաջին անգամ շեշտվեց, որ Ղարաբաղի կառավարությունն ունի իր կարեւոր դերակատարումը: Պետք է ազնիվ լինել եւ ընդունել, որ այս ամենը պայմանավորված է Ռուբեն Վարդանյանի անձով: Մնացած՝ այն թիրախավորված շահարկումները, որոնք անում են առաջին նախագահի համակիրները, ունի շեղելու միտում: Նման հայտարարություններն ի շահ Ադրբեջանի են: Դեմ լինել Ռուբեն Վարդանյանի գործունեությանը, նույնն է, թե համագործակցել Ադրբեջանի հետ»,- ասում է պատգամավորը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առանց Հայաստանի եւ Ռուսաստանի հետ համաձայնեցնելու է Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակել, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Ես հստակ չեմ կարող ասել, սակայն Արցախը կայացած ինստիտուտներով պետություն է, եւ կարծում եմ՝ գոնե նմանատիպ հարցերում ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք: Չեմ կարծում, թե նման հարցերի համար պետք է ինչ-որ մեկից թույլտվություն ունենանք»:

Please enter a valid URL