«Հրապարակ» թերթը գրում է. Դեկտեմբերի 19-ին Հայաստան է այցելում Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը, ով կառավարությունում հանդիպում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ:
Դեկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվում է մեկնել Մոսկվա, որտեղ նախատեսված էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ հանդիպման ժամանակ պետք է քննարկվեին ինչպես Լաչինի միջանցքն ապաշրջափակելու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցեր:
Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այցը Սանկտ Պետերբուրգ` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, նախատեսված է, սակայն եռակողմ հանդիպում օրակարգում չկա:
Բրիտանական հետախուզության ղեկավարի այցը որքանո՞վ կապ ունի Հայաստանի իշխանության կողմից արտաքին քաղաքական կուրսի հերթական շրջադարձի հետ, մանավանդ որ Մեծ Բրիտանիան հանդես է գալիս ամենակտրուկ հակառուսական դիրքորոշմամբ: Հոկտեմբերի վերջին Սոչի մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում գրում էր. «Երեւանը դեռ սեպտեմբերի սկզբին է համաձայնել աշխատել Ռուսաստանի կողմից ներկայացված՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա»՝ հավելելով, որ Հայաստանը դա պատրաստ է վերահաստատել նաեւ Սոչիում:
Ի՞նչ փոխվեց այս երկու ամսում: Ինչո՞ւ է Փաշինյանը համառորեն տապալում Ադրբեջանի հետ բանակցելու ցանկացած միջնորդություն եւ հնարավորություն: Մի կողմից, Փաշինյանը կասկածելի պատճառաբանությամբ հրաժարվում է դեկտեմբերի 7-ին մեկնել Բրյուսել, որտեղ նախատեսված էին նրա բանակցություններն Ադրբեջանի նախագահի հետ` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Մյուս կողմից, Փաշինյանը հրաժարվում է ռուսական միջնորդությունից: Հարցն այստեղ ամենեւին էլ Լաչինի միջանցքի փակ լինելը չէ, որովհետեւ արդեն բազմիցս է ասվել, որ այդ հարցը եւս կարող էր դառնալ բանակցությունների առարկա: Բացի այդ, եթե Հայաստանը մերժում է բանակցությունների ճանապարհով միջանցքը բացելու հնարավորությունը, ապա ուրիշ էլ ի՞նչ միջոց կա դրան հասնելու:
Փաշինյանը եւ նրա ենթակա Արարատ Միրզոյանը, իրենց գործունեությամբ տապալելով բանակցային գործընթացը, ըստ էության, լեգիտիմ հնարավորություն են տալիս Ադրբեջանին՝ նոր հարձակում սկսել Հայաստանի դեմ, այս անգամ արդեն Հայաստանի հերթական հատվածը գրավելու միջոցով իրենց ուզած միջանցքը բացելու համար:
Ռիչարդ Մուրի այցից հետո գրեթե բոլոր վերլուծաբանները գրեցին, որ այցը կապ ունի Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու եւ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ: Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսում Հայաստանի դեմ, Ռուսաստանը եւ Իրանը երկու տարբերակ ունեն: Կա՛մ միջամտել եւ կանխել Ադրբեջանի առաջխաղացումը, ինչը Ռուսաստանի համար նշանակում է երկրորդ ճակատի բացում եւ հարաբերությունների վատթարացում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչից հետեւողականորեն խուսափում է Ռուսաստանը, իսկ Իրանի համար կնշանակի՝ նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ արդեն զինված հակամարտության մեջ մտնել, որը եւս այս պահին Իրանի համար անցանկալի է:
Իսկ ադրբեջանական ագրեսիային չարձագանքելը Ռուսաստանի համար կնշանակի Հայաստանի վերջնական կորուստ. Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը կդառնա բացարձակ անիմաստ զբաղմունք, իսկ Իրանի համար կնշանակի իր շրջափակման էլ ավելի խստացում:
Թե՛ Ռուսաստանին եւ Իրանին զինված հակամարտության մեջ ներքաշելը, թե՛ նրանց այս տարածաշրջանից վերջնականապես վտարելը եւ շրջափակման խստացումը միանգամայն ձեռնտու են Մեծ Բրիտանիային եւ տեղավորվում են այդ երկրի աշխարհաքաղաքական շահերի տիրույթում: Հարցն այն է, թե որքանով է այն ձեռնտու Հայաստանին, որի փաստացի ղեկավարությունն առաջնորդվում է ոչ թե Հայաստանի ազգային շահերով, այլ վերեւից իջեցված ցուցումով: