Search
Close this search box.

ԱԽ քարտուղարը` Միրզոյանի` Մոսկվա չմեկնելու մասին

Հայաստանը չի բոյկոտել Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև վերջին երկու տարում` պատերազմից հետո շարունակվող բանակցություններում։ Դժվար է ճգնաժամի և սպառնալիքների պայմաններում շարունակել բանակցությունները։ Մենք չենք գնացել, որովհետև Լաչինում ճգնաժամ է ստեղծվել։ Լայնածավալ աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի Լաչինի միջանցքն արագ բացվի։ Ամբողջ մեր քաղաքական թիմը և արտաքին քաղաքականության համար հատուկ պատասխանատուները զբաղվում են այդ հարցը հանգուցալուծելով։ Մենք գնահատել ենք իրավիճակն ու հասկացել ենք, որ լավագույն տարբերակը սա է մեր քայլերը կոորդինացնելու համար»,– նշեց Գրիգորյանը։

Այն դիտարկմանը, թե այդ քայլի պատճառով Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստեղծվում է դիվանագիտական ճգնաժամ, ԱԽ քարտուղարը վստահեցրեց` Հայաստանն այնպիսի քայլ չի արել, որպեսզի նման ճգնաժամ ստեղծվի։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Արարատ Միրզոյանը չի մեկնի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիմանը։ Բայրամովն ու Լավրովը Մոսկվայում հանդիպել էին երկկողմ ձեւաչափով, ինչից հետո կայացած ասուլիսում Լավրովը բավական կոշտ գնահատական էր տվել Արարատ Միրզոյանի որոշմանը: Միրզորյանը ռուս գործընկերոջը արձագանքել էր նույնպես բավական կոշտ՝ հերքելով նրա այն հայտարարությունը, թե հանդիպումը հետաձգելու հայկական կողմի խնդրանքի մասին ռուսական կողմը տեղեկացել է ոչ թե դիվանագիտական խողովակներով, ինչպես ընդունված է, այլ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունից: Հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը ԱԳՆ-ն եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը փոխանցել են թե՛ Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը՝ ասել էր Արարատ Միրզոյանը:

Please enter a valid URL