Search
Close this search box.

«Նրանց ընտանիքները չպետք է վերադառնան գյուղ». Պեմզաշենում սպանված ընտանիքի հայր

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործի նախաքննությունից տուժող կողմը առայժմ դժգոհություններ չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված ընտանիքի հայրը՝ Սեւակ Մելիքսեթյանը։

Սեւակ Մելիքսեթյանը պատմեց, որ վարույթով երկու մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի եւ Արկադի Բարսեղյանի հետ շփում ունեցել է՝ որպես համագյուղացի։

«Հոգեկան խնդիրներ ունի՞ Վրույրը, թե՞ ոչ, դեռ պետք է փորձաքննությունն ապացուցի։ Մեր երկրում շատերն են այդ հիմնավորմամբ ազատվում բանակից, բայց հոգեկան խնդիրներ չեն ունենում։ Եթե ինքը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչպե՞ս է ամուսնացել, երեք երեխա ունեցե՞լ։ Ես չեմ հավատում, որ հոգեկան հիվանդ մարդը կարող է նման հանցագործություն անել, երեխաների սպանել»,- նշեց նա։

Սեւակ Մելիքսեթյանը պատմեց, որ մեղադրյալներից ոչ մեկի ընտանիքից իր հետ կապ չեն հաստատել. «Իրենք գյուղում չեն. մնան գյուղում ի՞նչ անեն, ինչպե՞ս ապրեն, պետք է հասկանան, որ չեն կարող։ Իրենք չպետք է պատկերացնեն իրենց վերադարձը գյուղ։ Ես ինչպե՞ս կարող եմ հանգիստ ապրել, եթե գիտեմ, որ մի քանի տուն այն կողմ մարդասպանի ընտանիքն է»,- ասաց Մելիքսեթյանը։

Սեւակ Մելիքսեթյանը հիշում է՝ ընտանիքի հետ վերջին անգամ կապվել էր ողբերգական սպանության օրը՝ երեկոյան․ «Սովորական տրամադրություն ունեին, ի՞նչ իմանայինք՝ ինչ է մեզ սպասվում»։

Նշենք, որ ողբերգությունից մեկուկես ամիս անց էլ ոստիկանները շարունակում են շուրջօրյա հսկողություն իրականացնել թե տուժողի, թե կասկածյալների տների մոտ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի եւ վերջինիս 12-ամյա դստեր ու 8-ամյա որդու մարմինները: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են նույն գյուղի բնակիչներ 32-ամյա Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Please enter a valid URL