Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման աշխատանքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Անկասկած, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս իրավիճակի սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ: Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար: Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքի վերսկսմանը, այդ թվում՝ որքան հնարավոր է՝ շուտ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։
«Մենք կարծում ենք, որ այս դեպքում փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարող են հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում»,- ասել է դիվանագետը: Նրա խոսքով, ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։