Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.
«Ադրբեջանական մամուլի՝ երեկվա երկու հիմնական թեմաներն էին.
«Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջովին անտեսել է Ստեփանակերտի հանրահավաքը»
ՀՀ վարչապետի տիկինը հայտարարել է, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` «բացեք Լաչինի միջանցքը» պաստառներով։
Հայկական կողմում
Արցախում արժանապատվության հանրահավաք էր՝ իր մասշտաբով, լիդերությամբ, բովանդակությամբ՝ բավական ծանրակշիռ։
Հայաստանում՝ անհատական աջակցություն, մտահոգ գործիչների պոռթկում և արդեն սովորական դարձած` ինստիտուցիոնալ ընդդիմության լռություն, բացակայություն։
Վստահ եմ` բոլորս անընդհատ քննարկում ենք նույն հարցը. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել մթնոլորտը երկրում։
Պետք է սկսել գործել, թեկուզ՝ փոքր քայլերով, բայց գործել։ Առաջարկում եմ.
Մեծ խումբ քաղաքական, հանրային դեմքերի՝ հայտարարել Հ1-ի եթերի բոյկոտման մասին։ Բոլորս էլ տեսնում ենք, որ այդ եթերը կոնկրետ շահ է սպասարկում, ակնհայտ հակապետական գիծ՝ իր մշտական հյուրերով (խոսքը վերաբերում է բացառապես քաղաքական և լրատվական բլոկին)։ Իսկ նրա եթերում մեկումեջ հայտնվում են միայն «ընտրյալ ընդդիմադիրները»` փչացվելու և այլ նպատակներով։ Պետք է հանդես գալ միասնական որոշմամբ, հայտարարել հանրայինի բոյկոտի մասին՝ «Հ1 չենք գնում, Հ1 չենք նայում»։ Սա ուղերձ կլինի հասարակությանը, որ իշխանության դիմաց «լռություն-բացակայություն» չէ, և սա նաև ուղիղ աջակցություն կլինի Արցախի մեր հայրենակիցներին. Արցախն ամեն րոպե մեր մտքում է, մեր կյանքերը նույնն են, և Արցախն անտեսողը մերժվում է։
Հաջորդ քայլով՝ ժամանակն է անհատական էմոցիոնալ և պրագմատիկ մտահոգությունը վերածել քաղաքական պրոցեսի։ Բոլոր մտածող և մտահոգ մարդիկ թիմակիցներ են, անկախ՝ բոլոր տարբերություններից։ Ուրեմն պետք է ստեղծել այդ թիմը։ Քանի դեռ իշխանության դիմաց գրագետ-հաշվարկված և հասարակության հետ բաց խոսող քաղաքական պրոցես չկա, աղետներն անխուսափելի են»։