Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի մարտական նռնակներով զինված մտել է Խարբերդի առաջին փողոցում գործող առևտրի կենտրոններից մեկը և սպառնում է պայթեցնել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ ոստիկանների ժամանումը, տղամարդը խանութի ներսում պայթեցրել է նռնակներից մեկը, ինչի հետևանքով խանութը կրել է նյութական խոշոր չափի վնաս՝ կոտրվել են ապակիները, դռները, վնասվել առաստաղն ու գույքը։
Ու մինչ նա կփորձեր գործի դներ 2-րդ F1 տեսակի մարտական նռնակը, ոստիկանները կարողացել են պրոֆեսիոնալ քայլերի արդյունքում վնասազերծել 2-րդ մարտական նռնակը, հակառակ դեպքում՝ եթե այդ նռնակը պայթեր, պատկերը հնարավոր է՝ ողբերգական լիներ։
Այդ տղամարդը ոստիկաների կողմից վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Մասիսի բաժին։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության սակրավորների ջոկատը՝ խմբի պետ Աշոտ Հովյաննիսյանի գլխավորությամբ։ Այս պահին 3 սակրավորներ խանութի ներսում կատարում են որոնողական աշխատանքներ պարզելու համար՝ արդյոք ներսում հնարավոր է նռնակ լինի։ Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վաչության փորձաքրեագիտական խմբի փորձաքրեագետները՝ Արման Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանը, նույն վարչության Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Եդիգար Թորոսյանը և Արթուր Բաբայանը։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ե․ Թորոսյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել մի շարք փորձաքննություներ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից վնասազերծված տղամարդը մշտական բնակության վայր չունեցող 35-ամյա Արամ Հ․-ն է։
Պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։