Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջանը», ինչպես նաև Երևանը, ադրբեջանական «պատմական տարածքներ են», ինչը, ըստ նրա, «հաստատված է բազմաթիվ պատմական փաստաթղթերով և քարտեզներով», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հայերը ցանկանում էին ոչնչացնել ադրբեջանցիների ժառանգությունն Արևմտյան Ադրբեջանում, սակայն չկարողացան հասնել իրենց նպատակին։
Ներկայիս Հայաստանի տարածքում ադրբեջանական ժողովուրդն ապրել է պատմականորեն։ Այժմ դա կարևոր է համաշխարհային հանրության ուշադրությանը ներկայացնելը, և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը կոչ է արել դասեր քաղել այս «ողբերգական իրադարձություններից» և վստահություն հայտնել ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու հարցում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: