Ինչպես ենթադրել էինք Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ խոսնակների հայտարարություններից հետո, Բերձորի միջանցքի փակման մեղքը պետք է դրվեր հայերի վրա։ Լավրովը երեկ Բայրամովի հետ հեշտանքի պահին հենց այդպես էլ հայտարարեց՝ «խաղաղապահներն ու ադրբեջանական կողմը» մեղք չունեն, հայերը չեն համաձայնել հանքերի մոնիտորինգին։ Մնացածն արդեն էական չէ՝ ով է փակել ճանապարհը․ թեեւ Բաքվում դրա համար մեղադրել են ռուսներին, Մոսկվայից չեն հակադարձել, իսկ ՄԱԿ ԱԽ-ում էլ աջակցել են Բաքվին։
Բերձորի ճանապարհը փակած ցապար ցեղերի «ակտիվիստների»՝ այս ընթացքում առաջ քաշած հախուռն պահանջները եւ ռուսական ու ցապարական մամուլի չմշակված տեքստերը (այս հանգամանքին անդրադարձել ենք) Մոսկվայի ու Բաքվի շտապելու նշան էին։ Միեւնույն ժամանակ, կա մի հանգամանք՝ քանի դեռ գործում է նոյեմբերի 9-ի թուղթը, Բաքուն իրավունք չունի որեւէ պահանջ ներկայացնել «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», ճանապարհին էլ պետք է բացառվի ռեժիմի որեւէ փոփոխություն։ Ահա այս հանգամանքը շրջանցելու համար էլ Սոչիում, Մոսկվայում, Բերձորի ճանապարհին բեմադրվում են Նիկոլ-Վովա-Իլյուշա եռակողմ կրկեսն ու զանազան տեսարաններ՝ «խաղաղապահների ու ակտիվիստների» մասնակցությամբ։
Որն է Բերձորի ճանապարհին Մոսկվայի ու Բաքվի բեմադրած տեսարանների նպատակը՝ ճանապարհի վերահսկողության հանձնումը Բաքվին եւ Լավրովյան պլանի «խաղաղ համակեցության» բաղադրիչի իրագործումը, այն է՝ Արցախի ինտեգրումը Բաքվին՝ Արցախի պետական մարմինների վրա Բաքվի վերահսկողության հաստատմամբ։ Պատահական չէ, որ Լավրովի երեկվա հայտարարություններից հետո «ակտիվիստները» հստակեցրին պահանջը՝ «բոլոր այն անցակետերում, որտեղ կանգնած են ռուս «խաղաղապահները», ծառայությունը պետք է իրականացվի Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների հետ համատեղ»։ Հաջորդ պահանջը լինելու է արդեն «ինտեգրումը»։
Սա տեղային մեկանգամյա գործողություն չէ, այլ Հայաստանի դեմ նոր գրոհի փորձարկում։ Գրոհի տեխնոլոգիան ողջ գունագեղությամբ հայերին ցուցադրվեց Բերձորի միջանցքում՝ խաղաղ, տեսքից քաղաքացիական ներխուժում ռուսական զորակազմի տեղակայման վայրերում։ Նման տեղակայման վայրեր են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերը, Երեւանն ու Գյումրին։
Երեւանյան իշխող ու «ընդդիմադիր» քաղդասն ու շոու-գլամուրը չարաչար սխալվում են, եթե կարծում են, թե բանն այդտեղ չի հասնի։ Հումանիտար նվնվոցն ու քաղաքական իրավունքներից ու պահանջներից հրաժարվելը ճանապարհ են բացում գրոհի համար։ Շուշիի ազատագրումն այլընտրանք չունի, Մերձկասպյան արեւմուտքը պետք է ենթարկվի արմատական վերաֆորմատավորման։ Ահա լուծելիք խնդիրը։
Lragir.am