Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր է քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցերի, որոնք մասնավորապես կապված են ադրբեջանա-հայկական սահմանի անվտանգության ապահովման հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։