Search
Close this search box.

«Մեր ժողովուրդը չի հուսահատվում». Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Գրիգորյանը՝ Արցախից

Ադրբեջանի կողմից Հայաստան- Արցախ միակ ճանապարհի արգելափակման պատճառով Արցախում մարզական կյանքը չի տուժել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտից ասաց սամբոյի աշխարհի փոխչեմպիոն, արցախցի Դավիթ Գրիգորյանը:

«Մեզ մոտ շատ լավ վիճակ է: Խուճապ չկա: Ասեմ ավելին՝ մրցումներ ենք պատրաստվում անցկացնել: «Դինամո» մարզադահլիճում պատանիների բաց առաջնություն ենք անցկացնելու: Միակ խնդիրն այն է, որ առաջնությունը բաց է, բայց ճանապարհներն են փակ եւ դրսից մարդ չի կարող գալ, մասնակցել: Բոլորի տրամադրությունը նորմալ է:

Դժվարությունն այն է, որ չենք կարողանում գալ Հայաստան: Դեղորայքի եւ սննդի պակասություն է փոքր-ինչ զգացվում: Մարզական կյանքն իր հունով շարունակվում է: Դադար ունեցանք երկու օր, երբ գազամատակարարումն էին անջատել: Մեր մարզադահլիճը ջեռուցվում է գազով: Մարզումները դադարեցրել էինք միայն երեխաների համար, բայց մենք՝ մեծահասակներս մարզվում էինք: Մի փոքր ցուրտ էր, բայց շարունակել ենք մարզվել:

Այս իրավիճակով պայմանավորված մարզումները չեն տուժել: Եթե բացակայություններ ունենում ենք, միայն սեզոնային վիրուսների, գրիպի պատճառով:

Մեր ժողովուրդը չի հուսահատվում, նայում է առաջ եւ հույս ունի, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:

Աշխարհի փոխչեմպիոնը նաեւ նշեց, որ իր անձնական մարզումները եւս չեն տուժել: Ըստ ծրագրի՝ մարզվում է Ստեփանակերտում եւ պատրաստվում 2023 թվականի մրցաշարերին, որոնցից առաջինը տեղի է ունենալու փետրվարին:

Please enter a valid URL