Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանը պատասխանեց Լավրովին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ Ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական «բնապահպանների»՝ հանքավայրեր այցին, ապա իրականությունն այն է, որ ս. թ. դեկտեմբերի 3-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առաջին անգամ արգելափակելուց հետո ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ ոչ մի առնչություն չեն ունեցել և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար:

Չնայած սրան՝ արցախյան կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին փոխանցելով այն պայմանները, որոնց պահպանման պարագայում պատրաստ կլինեն թույլ տալ ադրբեջանական բնապահպանների այց հանքավայր:

Ադրբեջանական կողմը չի պահպանել արցախյան կողմի պայմանները և նրանց պատասխանը եղել է արդեն ճանապարհի երկարաժամկետ արգելափակումը՝ ոչ միայն լուրջ հումանիտար խնդիրներ ստեղծելով Արցախի 120 հազար բնակչության համար, այլ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը:

Հուսով ենք, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է նաև եռակողմ հայտարարության կետերի պահպանման կարևորության հարցը։

Այդուհանդերձ, չնայած ադրբեջանական կողմի խախտումներին, արցախյան իշխանություններն այսօր էլ հայտարարում են, որ կառուցողական են տրամադրված և պատրաստ են որպես բանակցային կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած հարցի քննարկումներում:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը այսօրվա իր ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ Ռուսաստանը, ինչպես և ոչ ոք, շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեւական, արդար խաղաղությամբ։ Լավրովը Բայրամովին ասել է, որ ադրբեջանական մոնիթորինգային հանձնաժողովի այցի վերաբերյալ կողմերի համաձայնությունը խափանվել է ոչ ռուս խաղաղապահների մեղքով. նրա խոսքով` դրա պատասխանատվությունը կրում է Ղարաբաղում ապրող հայերի ղեկավարությունը:

Please enter a valid URL