«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտ- Շուշի տանող ճանապարհին ռուս խաղաղապահ զորակազմի առաջին անցակետում նրանց չեն թույլատրել առաջ շարժվել՝ պատճառաբանելով, որ ներկայում բանակցությունները շարունակվում են ճանապարհը բացելու համար, իսկ նման նախաձեռնությունը ավելի կսրի իրավիճակը:
Ակտիվիստները ներկայացրել են ճանապարհի անհապաղ բացման արցախահայության արդարացի պահանջը, հիմնավորելով, որ, ըստ եռակողմ հայտարարության, Ռուսաստանի Դաշնությունը պարտավորվել է Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով ապահովել անխափան և անվտանգ երթևեկություն Լաչինի միջանցքով։
Երթի մասնակիցները պահանջել են նաև մինչև դեկտեմբերի 24-ը կամ վերականգնել ճանապարհի բնականոն երթևեկությունը, կամ նրանք կվերադառնան ավելի մեծ խմբով, պահանջատեր լինելու ծառացած հումանիտար խնդիրներին։
Ի դեպ, երթին մասնակցում էին նաեւ ճանապարհի փակման հետևանքով ՀՀ-ում մնացած երեխաների ծնողներ, որոնց ռուսական կողմն առաջարկել է միանգամյա ուղեկցությամբ տուն հասցնել երեխաներին, ինչին նրանք չեն համաձայնվել, նշելով, որ իրենք խնդրի լուծմանը համաձայն են միայն երթևեկությունը բոլորի համար վերականգնելու պայմանով։