«Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով վճռական գործողությունները կարող են հանգեցնել արյունահեղության: Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ռուս խաղաղապահների փաստացի անգործության մասին Մոսկվայի համար չեն հեշտացնում ճգնաժամի լուծումը»,-այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը «Ведомости»-ին տված հարցազրույցում։
Աղբյուրը հիշեցնում է, որ այս ամսվա սկզբից ադրբեջանցիներն արդեն երկրորդ անգամ փակում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ուղին է։ Դեկտեմբերի 12-ին ճանապարհը փակելու պատրվակը, ըստ ադրբեջանական կողմի, եղել է ԼՂՀ-ի կողմից փաստացի վերահսկվող հանքերում ստուգումների անհրաժեշտությունը։
«Ադրբեջանի այս գործողությունն, իհարկե, վտանգում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը։ Սակայն մինչ այժմ խաղաղապահների մանդատը համաձայնեցված չէ։ Նրանք անմիջապես տեղափոխվեցին։ Իսկ մանդատը միտումնավոր չի համաձայնեցվել՝ հիմնականում Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վճռական գործողությունները կարող են հանգեցնել արյունահեղության, որից մենք (Ռուսաստանը) ցանկանում ենք խուսափել։ Մենք ունենք շատ բարդ խնդիր, որը պարոն Փաշինյանը չի դյուրացնում»,-ասել է Զատուլինը, որի մուտքը Հայաստան հոկտեմբերից համարվում է անցանկալի։
Պետդումայի պատգամավորը նշել է, որ ռուսական ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղ՝ ռազմական գործողությունները կանխելու համար։
«Եթե նրանք չլինեին, ապա Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակում կկրկնվեր այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ ռուս խաղաղապահներ չկային։ Մեկ շաբաթ տևած մարտերի արդյունքում ադրբեջանական զորքերը 8 կմ խորությամբ առաջ են անցել Հայաստանի տարածք»,- ասել է ռուսաստանցի պատգամավորը։
Անդրադառնալով ռուս խաղաղապահ զորախմբի մասին Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ Զատուլինն ասել է. «Հայերի մեծ մասը Ռուսաստանը պատմականորեն համարում է իրենց հիմնական և գրեթե միակ դաշնակիցը։ Պարոն Փաշինյանը հիմա նպատակ ունի կոտրել այդ ընկալումը, և այս կուրսը նրա կողմից իրականացվում է այս տարվա սեպտեմբերից։ Նա բանակցային այլ միջնորդական հարթակ ընտրելու ցանկություն է ցույց տալիս»։