Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին NEWS.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։
Հարց՝
«Արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է փակել իր օդային տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը»։
Պատասխան՝
«Միջազգայնորեն ընդունված ձեւաչափի համաձայն՝ բոլոր միջազգային թռիչքներն իրականացվում են նախապես տրված թռիչքային պլանների համաձայն եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ՝ հիմք ընդունելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթները։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից օդային տարածքի նկատմամբ սահմանափակումներն իրականացվում են բացառապես թռիչքների անվտանգության ապահովման նպատակով՝ բոլոր օդանավ շահագործողների համար։ Ձեր կողմից բարձրացված հարցը դուրս է Կոմիտեի իրավասության շրջանակներից»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-ի սահմաններում մի խումբ ադրբեջանցիներ, իբր, բնապահպանական պատճառներով, փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ քաղաքական պահանջներ ներկայացնելով։ Արցախի շրջափակումը շարունակվում է։