Search
Close this search box.

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներն ու ափսոսանք հայտնել, որ Երևանը հրաժարվել է վաղը Մոսկվայում նախատեսված արտգործնախարարների հանդիպումից։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի արգելափակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնությունների պատճառով։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, Լավրովն ընդգծել է եռակողմ հայտարարությունների համաձայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքով անխոչընդոտ կապի խստիվ ապահովման անհրաժեշտությունը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ շեշտելով, որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունն արդեն 11 օր փակ պահվող Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Please enter a valid URL