Search
Close this search box.

Կառավարությունը պահեստազորի սպայական կազմի բժիշկ- մասնագետների պարտադիր զինծառայության զորակոչ հայտարարեց

Կառավարությունն այսօրվա նիստում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:

Զորակոչը կիրականացվի դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը ներառյալ, որը վերաբերում է ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ մասնագետներին: Ծառայության ժամկետը երկու տարի է:

Սահմանեց նաեւ պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 բժիշկ-մասնագետ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են պահեստազորի սպայական կազմի արական սեռի քաղաքացիները՝ մինչև 35 տարին լրանալը: Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ:

Անհրաժեշտություն է առաջացել զորակոչն իրականացնել 2022թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2023թ. փետրվարի 20-ը, իսկ պարտադիր սպայական կազմի զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել մինչև 2023թ. փետրվարի 20-ը ներառյալ:

Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, դրա անցկացման ժամկետները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

Please enter a valid URL