Search
Close this search box.

Անհավասար բախում Շուշիում․ Ինչ կարող է լուծել եւ ինչ չի լուծելու «Նիկոլի ՄԱԿ-ը»

Արցախում ստեղծված իրավիճակից ելքերի, ՄԱԿ ԱԽ հայտարարության մասին «Լրագիրը» զրուցել է քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանի հետ: Ահա հարցուպատասխանը լրիվ ծավալով․

Ինչ ազդեցություն կարող է ունենալ ՄԱԿ ԱԽ հայտարարությունը Արցախում առաջացած իրավիճակի վրա

Նախ շեշտեմ, որ Արցախը Հայաստան է, ինչպես Հայաստան են դեռ 1920 թվականից օկուպացված ուրիշ տարածքներ, ընդ որում Արցախ աշխարհը կրում է եւ անվանապես, եւ ոգով հայ հերոսական բնակչություն: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա նույնիսկ անզեն աչքով է երեւում, որ Բաքվի պետական եւ «քաղաքացիական» գործողությունների դեմ ՄԱԿ ԱԽ դեկտեմբեր 20-ի նման հայտարարությունները գործուն լինել չեն կարող՝ այսօր կբացեն, իսկ վաղը կփակեն:

Դուք ՄԱԿ միջամտությու՞նը անբավարար եք գտնում:

300 000 каналов • Рекомендации • Новое каждый день
Խնդիրը ՄԱԿ իրավասության շրջանակում տնտեսական կամ ուժային սանկցիաների բացակայությունը չէ՝ դրանց դեմ էլ միջոցներ կան, Իրանի օրինակը հապացույց: Մեր առջեւ ծառացած խնդիրը ներքին բովանդակություն ունի. դա համարժեք պետական եւ քաղաքացիական հակազդեցության եւ գրոհի բացակայությունն է Հայաստանի, Արցախը ներառյալ, կողմից: Ներքին բաղադրիչի վճռորոշ հանգամանքը նկատել են արդեն շատերը:

Դուք կարո՞ղ եք մանրամասնել այդ ներքին բաղադրիչի բովանդակությունը:

Դիտարկենք Բաքվի ճակատային բուռն գործողությունների արդյունքում բացված պատկերը, ոչ միայն արձանագրելու, այլ առավելապես ընդդեմ թշնամիների շրջելու տեսակետից: Բաքվի իրավական, մասնավորապես ՄԻԵԴ (ՀՀ դեմ հայց հատուցումների պահանջով, 21.12.22 – խմբ) եւ սպասվող ՄԱԿ Արդարադատության դատարան հայցերին հակադրվում է ՀՀ՝ միջազգային ատյաններում կանխավ մերժման նախատեսված հայցերի առաջադրումը: Սա կարելի է գնահատել իբրեւ իրավաբանական փաստացի վնասարարություն։ Ավելի մեծ բացվածքով, խնդիրների խնդիր է հանդիսանում միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքային եւ նյութական իրավունքների, ինչպես նաեւ հարյուր հազարավոր հայ վտարյալների եւ նրանց միլիոնավոր ժառանգների տարրական մարդկային իրավունքների պաշտպանության բացառումը հայկական իշխանության կողմից։ Սա ՔՊ կառավարության պաշտոնապես հայտագրված կուրսն է: Նախորդներինը նույնպես: Կարելի է ասել, որ իրավունքի ժխտումը անկախացված Հայաստանի կառավարությունների քաղաքական կրեդոն է: «Ինչու» հարցը հռետորական կհնչեր:

Որն է ձեր հիշատակած ՀՀ տարածքային եւ նյութական իրավունքների, ինչպես նաեւ մասնավոր հավաքական իրավունքի մեր հիմնավորումը։

Խոսքը 1918-1923 թվականների՝ ուժը պահպանող միջազգային ակտերի մասին է, ինչպես նաեւ մարդկայնության դեմ հանցագործությունների դատապարտման, ազգերի եւ մարդու իրավունքների հիմնարար կոնվենցիաները։ Առանց իրավունքի վերատիրացման, ակտուալացման, հետապնդման եւ հարկ եղած դեպքում վիճարկման մենք ենթակա ենք թշնամու պետական խորտակիչ հայցերի հարվածներին (Ալիեւ) եւ տեսքից քաղաքացիական ակտիվիզմի հարաճուն դրսեւորումների։ Սա՝ «հայերի համար նոր սառը ցնցուղ կազմակերպելու» ցապար ցեղերի առաջնորդի ռազմական սպառնալիքը դեռ մի կողմ դրած: Ժողովուրդը պետք է գիտակցի իր եւ իր պետության իրավունքը եւ տեսնի դրա ընդարձակ հորիզոնը։ Միայն այդպես կարող է վերականգնվել դիմադրության ուժային բաղադրիչը եւս՝ մարտունակ եւ հաղթական, դարերում Ապենիններից մինչեւ Արաբիա փառաբանված հայոց բանակը: Այլապես օտարին անցած Սերժի «ոչ հայրենիք Ակնայի» ու «կես տարին ձյունածածկ լեռների» տեսարանն անգամ անհասանելի կդառնա մեզ համար:

Բացի Բաքվի պետական հայցերից դուք հիշատակեցիք նաեւ ինքնագործ ակտիվիզմը: Արդյոք դա այդ աստիճանի վտանգավոր է:

Բաքուն, վարձելով միջազգային փորձ ունեցող օտարազգի մասնագետների, հարձակում է իրականացնում իրար կապակցված չորս հարթություններում. միջազգային քաղաքական միջավայրում ընդհանուր դիվանագիտություն, նյութական իրավունքների հետապնդում եւ տնտեսական համագործակցություն, ռազմական ճնշում, ագրեսիա եւ ուժի կիրառման սպառնալիք եւ քաղաքացիական ակտիվիզմ: Սրան հիմա հիբրիդային են ասում, բայց պետական քաղաքականությունը հազարամյակներ շարունակ հիհբրիդային էլ եղել է: Խնդիրը դրա էֆեկտիվությունն է: Եթե բնորոշվում է իբրեւ հիբրիդային, ուրեմն ներդաշնակ է եւ էֆեկտիվ: Այսպիսի ներածականից հետո կարելի է ասել, որ ներկա փուլում հենց դիվանագիտությունը, միջազգային ատյաններում քաղաքական, տնտեսական եւ մասնավոր շահերի հետապնդումը ներառյալ, ինչպես նաեւ քաղաքացիական ակտիվիզմն են առաջին պլան գալիս:

Ի պատիվ Բաքվի կառավարաչների պիտի ասենք, որ 2020 թվականի նոյեմբեր 9-ից հետո իրականացվող ճնշումը իրոք հիբրիդային, ներդաշնակ եւ ճակատային բնույթ է կրում: Իսկ ինչ է հակադրվում ցապար ցեղերի, մասնավորապես, «քաղաքացիական» ակտիվիզմին: Հակադրվում է հայ հանրության մեջ սերմանված նիկոլական անտարբերությունը եւ բդադավանությունը: Այդ երկուսը, ի դեպ, հանգեցնելու են նույն այդ բդի վերացմանը «որպես դասակարգի»: «Հայերի կողմից խոզի մսի, ինչպես նաեւ ազերբայջանական ազգային կերակուր դոլմայի օգտագործումը մեր պապական Իրավանում ինքնին վիրավորում է մուսուլմանների կրոնական սրբազան զգացմունքները եւ պիտի արգելվի»։ Սա մեջբերում է Բերձորի մայրուղու վրա հնչող ցապարական արտաթորանքի անսպառ հորձանքից։ Ահա եւս մեկ մեջբերում ցեղերի առաջնորդից. «Հայերի շահերից է բխում այսպես կոչված ֆիդայիզմի եւ արդեն 1990-ական թվականների դրա նմանակ ազատամարտիկների մեծարման դադարեցումը սկսած մանկապարտեզներից»: Ի տարբերություն բդի արգելման, այս երկրորդ պահանջը քպիկները արդեն «պատվի են վերցրել». ԿԳՄՍ նորանշանակ նախարարուհին հրահանգել է դադարեցնել ֆիդայիզմի մեծարումը միջնակարգ դպրոցներում: Սա՞ է հայկական դիմադրությունը: Այո, սա է:

Դուք գտնում եք, որ քփ-ականները անհույս են: Նույնիսկ նրանց քննադատների շրջանում կարծիք կա, որ նրանք պիտի դաստիարակվեն եւ օգտագործվեն:

Հայրենիքի մասին քպիկների հետ խոսելն ավելորդ է՝ նման կատեգորիան պատկանում է, համաձայն Տեր-Պետրոսյանի եւ նրա հոգեզավակ Նիկոլի, «գաղափարախոսական «իզմերի» քիմեռների շարքին» եւ «իրենց ամպլուան չէ»։ Մարդիկ խոստովանում են: Խոստովանում են նաեւ, որ «միջինարեւելյան քաղաքական անցուդարձը այնքան բարդ է, որ արտաքին քաղաքանությամբ Հայաստանի զբաղվելը անիմաստ է (Փաշինյան)»:

Բնական է, որ տարածված նիկոլական գաղջ մթնոլորտում, պատմական կոթողների ցուցադրական պղծման ֆոնին դիմադրել ցապար ցեղերի անզեն ներխուժումներին չափազանց դժվար է լինելու։ Սա կանխավ պարտված պատերազմի վերջնական արարն է՝ առաջինին բախվեցինք 2020 թվականի աշնանը։ Ուստի անհրաժեշտ է, որքան էլ դա դժվար լինի, հատիկ-հատիկ հավաքել խնդիրը գիտակցող մարդկանց ջանքերը: Պետք է լայն ճակատ կազմել նիկոլ-ցապարական նկրտումների դեմ բոլոր չորս հարթությունների վրա: Թշնամիների՝ հատկապես նրանց վտանգավոր քաղաքացիական ակտիվիզմը շանսեր ունի հանդիպել հայկական իսկական դիմադրության եւ կծկվելու է:

Նկատի ունենալով իշխանության կատաղի դիմադրությունը, սա անհավասար կռիվ է եւ այն պիտի վերածվի հաղթական արշավի դեպի մեր մշակույթ, մեր ինքնություն, մեր Հայրենիք։ Մենք ենք ժողովրդական իղձերի միակ ճշմարիտ արտահայտիչը, միացեք միայն մեզ, ուրիշների մի հավատացեք եւ նման կարգախոսները արդեն ապացուցել են իրենց սնանկությունը: Ընդհակառակը, որքան հնարավոր է լայն ճակատ պիտի կազմվի: Ահա հիմնական դեղատոմսը: Հարյուրավոր տեսականորեն պատրաստված, ազնիվ եւ պայծառ մտքով մարդիկ կան: Հազարավոր նվիրյալներ պատրաստ են կռելու իսկական դիմադրության ճակատը վերկուսակցական մակարդակի վրա: Այս պատրաստակամությանը պետք է տեր կանգնել: Ո՛չ նեղ կուսակցական կաղապարներին, ո՛չ տարանջատվածությանը:

Դուք չասացիք ՄԱԿ ԱԽ 2022թ. դեկտեմբերի 20-ի հայտարարության՝ հարց լուծելու ընդունակության մասին: Կա՞ այդպիսին:

Այդպիսին իրոք կա: «Նիկոլի ՄԱԿ»-ը լուծում է հենց Նիկոլի իշխանության մնալու խնդիրը, կարճ ժամանակահատվածում, ինչպես նաեւ Մոսկվայի խաղին շարունակվելու հնարավորություն է տալիս, նույնպես կարճ ժամկետով: Ուրիշ ոչինչ. միջազգային ատյաններին բոլոր դիմումները սահմանափակ բնույթ են կրում եւ կատարվում են ՌԴ թույլտվությամբ եւ առաջնորդությամբ՝ իբրեւ հայ հանրությանը նետված լերկ ոսկոր: ՔՊ համար շահած ժամկետը պիտի հնարավորինս կրճատենք ի հեճուկս դրածոների իշանական եւ կեղծ ընդդիմադիր խմբակների եւ նրանց սպասարկող «բաց» ռուսական եւ դեռ քամինգաութի կարոտ, տեսքից դոշ տվող հակառուսական մեդիա եւ քաղաքագիտական սազանդարների: Արցախը Հայաստան է, բայց դա վերջը չէ՝ միայն սկիզբն է: Ահա, մեր համոզմամբ, Հայաստանի հարատեւության բանաձեւը ներկայիս պահին:
lragir.am

Please enter a valid URL