Search
Close this search box.

Ի՞նչ է ասվում ՄԻԵԴ-ի որոշմամբ. մանրամասներ

Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը, այս մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրությունում:

«Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցնելով Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Միաժամանակ, Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն:

Հիշեցնենք, որ Հայաստանը ս.թ. դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար»,-հայտնում են գրասենյակից:

Please enter a valid URL