Ճանապարհները ոչ թե բացվում կամ փակվում են մարդկանց ֆիզիկական ներկայությամբ, այլ ուժերի քաղաքական հարաբերակցությամբ, մեկ խոսքը կարող է բավարար լինել այդ ճանապարհը բացելու համար և մեկ լռությունը բավարար՝ փակ պահելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Արման Եղոյանը։
«Լաչինի միջանցքը երկու դեպքում կարող է բացվել՝ երբ փակողների պահանջները իրականացեն, կամ երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջները իրականացնել չի ստացվում։ Իմ կարծիքով, մենք պետք է առաջ շարժվենք երկրորդ ճանապարհով, որովհետև առաջին տարբերակով շարժվելու տեղ չունենք»,- ասաց պատգամավորը։
Եղոյանը նշեց, որ հաշվի առնելով ՄԱԿ ԱԽ-ում երեկվա նիստի ելույթների հարաբերակցությունը՝ կա հավանականություն, որ ճանապարհը կբացվի։
«Կարևոր է, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, հնչեցին ձևակերպումներ, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին։ Այդ տեղեկացվածությունը արդեն իսկ գործիք է իրավիճակը կամ լավացնելու, կամ վատ չդարձնելու համար։ Ես գնահատում եմ քաղաքական իրավիճակ, այլ ոչ թե իրադարձություն։ Բացելու հավանականությունը կա, բայց կա նաև չբացվելու հավանականությունը»։
Հարցին, թե որ դեպքում կբացվի ըստ իրեն, Եղոյանն ասաց․«Այն դեպքում, երբ փակողների պահանջներն իրականացվեն, կամ, երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջներն իրականացնել չի ստացվում»,- նշեց Արման Եղոյանը։