ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Նյու Ջերսիի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսն անդրադարձել է Թուրքիային, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա Սպիտակ տան ղեկավարին կոչ է արել F-16 կործանիչներ չվաճառել Թուրքիային։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
«Օրերս Էրդողանն Աթենքին սպառնում էր՝ ասելով․ «Հունաստանը վախենում է մեր հրթիռներից։ Ասում են՝ «Թայֆուն» հրթիռը կխփի Աթենքին»։ Այնուհետև Էչդողանը, ուղիղ դիմելով հույն ժողովրդին, ասում է. «Կհարվածենք, եթե խելոք չմնաք»։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ նա փաստորեն սպառնում է ուղղակիորեն թիրախավորել Աթենքին, որտեղ ապրում է երեք միլիոն խաղաղ բնակիչ: Ըստ ՄԱԿ-ի նորմերի՝ խաղաղ բնակչության վրա դիտավորյալ հարձակվելը համարվում է ռազմական հանցագործություն»։
Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Մենենդեսը նշել է, որ Բաքվի կողմից սկսված Լեռնային Ղարաբաղի պատերազմի նախօրեին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 77 միլիոն դոլարի զինտեխնիկա, որն օգտագործվել է անմեղ հայերի վրա հարձակվելու համար։
«Ահա, թե ինչու զարմանալի չէ Էրդողանի՝ այս ամառ Թեհրանում տեղի ունեցած հանդիպումն աշխարհի ամենադաժան բռնապետների՝ Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ։ Պարզապես նայե՛ք այն առաջնորդներին, որոնց հետ նա համագործակցում է: Հաշվի առնելով այս վերջին գործողությունները՝ ԱՄՆ-ն չպետք է իր F-16 կործանիչները տա Էրդողանին։ Այդ իսկ պատճառով, որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ես չեմ հաստատելու Թուրքիային F-16-ների մատակարարումը, քանի դեռ նա չի դադարեցրել իր ագրեսիվ քաղաքականությունը ողջ տարածաշրջանում»,- եզրափակել է իր ելույթը սենատորը։