Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ի նոր բացահայտումը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների ձեռնարկած ծավալուն և համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է արտաքին տնտեսական գործունեության ընթացքում տնտեսվարող կազմակերպության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրերի հիման վրա, առանց պատշաճ մաքսային հսկողության մեծածավալ ապրանքների ՀՀ ներկրման կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող հանցավոր մեխանիզմ, ինչի արդյունքում տնտեսվարողը չարամտորեն խուսափել է ՀՀ պետբյուջե առանձնապես խոշոր չափերի հարկերի և տուրքերի վճարումից։

Մասնավորապես, մի քանի ընկերություններ փաստացի ղեկավարող եղբայրներ Ռ.Կ-ն, Հ.Կ-ն և Կ.Կ-ն նախնական համաձայնություն են ձեռք բերել ՀՀ-ում գործող առևտրային կենտրոններում չինական և թուրքական արտադրության ապրանքների վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ, վերջիններիս կողմից առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով չինական և թուրքական արտադրության հագուստեղենն առանց պատշաճ ձևակերպման և մաքսային վճարումների ՀՀ ներկրելու վերաբերյալ: Յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ապրանքի մաքսանենգ ՀՀ ներկրման համար տնտեսվարողները եղբայրներին վճարել են միջինը 4 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Գործող հանցավոր մեխանիզմի համաձայն՝ Ռ.Կ-ն, Հ.Կ-ն և Կ.Կ-ն պարբերաբար Վրաստանից ՀՀ են ներկրել միաժամանակ երկու բեռնատարների մեջ բարձված ապրանքներ, որոնցից առաջինը բեռնված է եղել միրգ-բաջարեղենով, ինչը պատշաճ ձևակերպված է եղել մաքսային փաստաթղթերում, իսկ երկրորդը բեռնված է եղել չինական և թուրքական արտադրության հագուստով և այլ ապրանքներով, սակայն մաքսային փաստաթղթերում ձևակերպված է եղել, որպես միրգ-բանջարեղեն: Օրինական բեռով բեռնատարը սահմանային անցակետում նախնական ձևակերպումներն իրականացնելուց հետո անմիջապես ուղևորվել է Երևանում գործող մաքսային պահեստ՝ մաքսազերծում իրականացնելու նպատակով, իսկ ապօրինի բեռով բեռնված բեռնատարը սահմանային անցակետում որպես միրգ-բանջարեղեն նախնական ձևակերպում իրականացնելուց հետո անմիջապես ուղևորվել է Ռ.Կ-ի, Հ.Կ-ի և Կ.Կ-ի կողմից ՀՀ Արարագածոտնի մարզում վարձակալված պահեստ, որտեղ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ անձանց օժանդակությամբ, վերջիններիս կողմից, առանց մաքսային կետում կնքված կապարակնիքի տեղաշարժման և հեռացման բեռնաթափվել են ապօրինի ներկրված հագուստները և անմիջապես առաքվել տնտեսվարող սուբյեկտներին պատկանող առևտրային կետեր, որից հետո օրինական եղանակով ներկրված և մաքսազերծված հիշյալ առաջին բեռնատարը տեղափոխվել է նույն պահեստ, որտեղ մաքսազերծված միրգ-բանջարեղենը բեռնվել է ապօրինի հագուստի փոխարեն և ուղևորվել մաքսային տերմինալ՝ մաքսազերծման համար։

Դեպքի առթիվ 2022 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը քննչական ենթակայության կանոններին համապատասխան ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն։

Հանցավոր գործունեության կանխման նպատակով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում, 2022 թվականի դեկտեմբերի 17-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից կանխվել է վերը նկարագրված հանցավոր եղանակով հագուստեղենի ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում Ռ.Կ-ի, Հ.Կ-ի և Կ.Կ-ի կողմից ՀՀ Արարագածոտի մարզում վարձակալված պահեստում հայտնաբերվել է վրացական հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենան, որում փաստացի գտնվել է ավելի քան 9.5 տոննա հագուստեղեն, որը, սակայն բեռնատար ավտոմեքենայի տարանցիկ մաքսային փաստաթղթերում նշված է եղել որպես մանդարին։

Քրեական վարույթի շրջանակներում 4 անձ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել են և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները և հանցավոր մեխանիզմում պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Please enter a valid URL