Լաչինի միջանցքի հետ կապված հարցի լուծումը, որը Երևանը բարձրացնում է միջազգային մակարդակով, ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Նման դիմումներ (Հայաստանի կողմից Լաչինի միջանցքի հետ կապված) չեն եղել, մենք ելնում ենք նրանից, որ դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է»,- ասել է Զասը։
Ավելի վաղ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին, ինչպես նաև դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու և միջանցքի ապաշրջափակումը պարտավորեցնելու խնդրանքով։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ էր տվել մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ՝ արձագանքելու ճանապարհը փակելու վերաբերյալ Հայաստանի դիմումին։
Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերսկսելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը, ԵՄ-ն կոչ են արել ադրբեջանական կողմին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Բաքուն տեղի ունեցողը որակել է «քաղաքացիական ակտիվիստների և բնապահպանների բողոքի ակցիա»՝ ընդդեմ «հայկական կողմի հանքերի անօրինական շահագործման»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ և հուսով է, որ մոտ ապագայում այնտեղ կվերականգնվեն լիարժեք տրանսպորտային կապերը։