Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են հարազատ եղբայրների մեքենաները, կան զոհեր և վիրավորներ, բոլորը ազգականներ են

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեգ-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեգ համայնքի վարչական տարածքում բախվել են Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենանեերը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները. ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի և Վարդենիսի քննչական բաժնի պետի ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են։ «099»-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը, Opel-ը վարել է նրա եղբայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Անդոկ Իսկոյանը, մահացածներն ու վիրավորները նրանց ազգականներն են, և ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը բախվել է «099»-ին, վերջինս էլ շրջվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Please enter a valid URL