Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում մրցեցին Խորվաթիայի եւ Մարոկկոյի հավաքականները։ 2:1 հաշվով հաղթեցին խորվաթները՝ երկրորդ անգամ դառնալով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր:
Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Խորվաթիան։ Գերմանական «Լայպցիգի» 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը։
Ընդամենը 2 րոպե անց Մարոկկոյի թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ ֆրանսիական «Բրեստի» 23-ամյա պաշտպան Աշրաֆ Դարին (տեսանյութ)։
42-րդ րոպեին Խորվաթիայի երկրորդ գոլը խփեց Զագրեբի «Դինամոյի» 29-ամյա հարձակվող Միսլավ Օրշիչը, որին գոլային փոխանցում կատարեց Սպլիտի «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան (տեսանյութ)։
Երկրորդ խաղակեսում որոշակի առավելություն ուներ Խորվաթիան, որը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։