Search
Close this search box.

Ի՞նչ է հանձնարարել Ռուբեն Վարդանյանը

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն:

Պետնախարարը նշել է, որ չնայած գազամատակարարման վերականգնմանը, Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: «Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ ու պետք է սովորենք այս իրավիճակում առանց խուճապի ապրել։ Դրա համար, չեմ դադարում ասել, մենք պետք է լինենք առավելագույնս կազմակերպված ու կարգապահ։ Այս առիթը պետք է օգտագործել հանրային համերաշխության, իրար սատար կանգնելու համար: Սա նաև լավ հնարավորություն է, որպեսզի զգանք թե ինչ հնարավորություն ունենք համակարգային մոտեցումների ներդրման շնորհիվ բացթողումները շտկելու համար»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը
Պետնախարը նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս կազմակերպված գործել և հրատապ արձագանքել բնակչության առաջնահերթ կարիքներին:

Քննարկվել է պարենային ապրանքների և դեղորայքի շուկաներում ներկա իրավիճակը։ Պետնախարարը հանձնարարել է իրավասու մարմիններին շարունակել շուկայի դիտարկումները և արձագանքել անհիմն գնաճի դրսևորումներին։

Ներկայացվել է նաև հանրապետությունում դրամաշրջանառության և մասնավորապես, կանխիկ գումարի ծավալի հետ կապված իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է անկանխիկ գործարքների ակտիվացման անհրաժեշտությունը։ Պետնախարարը պատասխանատուներին հանձնարարել է հանգամանալից ուսումնասիրել խնդիրը և լուծումներ առաջարկել։
Անդրադարձ է եղել նաև շրջափակման հետևանքով վերադառնալ չկարողացող աշխատակիցների բացակայության խնդրին։ Նշվել է, որ համապատասխան կարգավորումներ պետք է կատարվեն` իրավիճակով պայմանավորված բացակայությունները հարգելի համարելու համար։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացիկ վիճակը և համակարգի բնականոն գործունեությանն ուղղված գործողությունները։ Խորհրդակցության մյուս մասնակիցները ևս զեկուցել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Please enter a valid URL