Search
Close this search box.

Աննա Հակոբյանը Կոտայքի մարզի ջերմատերերին առաջարկել է սեփական բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու հնարավորությունը ևս դիտարկել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 16-ին այցելել է Կոտայքի մարզ: Ջրվեժ համայնքում գտնվող «Կանաչ արահետ» գյուղատնտեսական աջակցության ՀԿ-ի դիմաց վարչապետի տինոջը դիմավորել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը:

2004-ին ստեղծված հասարակական կազմակերպության նպատակը գյուղերի ու գյուղատնտեսության զարգացումն էր: Հիմադրման օրից ի վեր կազմակերպությունը օգնում է ֆերմերներին արտադրել բարձորակ, բարձրարժեք ու մրցունակ գյուղմթերք, և դա անում են ֆերմերային խմբերի ու կոոպերատիվների ստեղծման ու զարգացման միջոցով:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջել է տարածքում, ծանոթացել տեղում աճող բուսատեսակներին, որոնց թիվն անցնում է 200-ը:

Կազմակերպության ջանքերով Արցախի տարբեր բնակավայրերում 51 ջերմոց է կառուցվել, որպեսզի բարձրարժեք գյուղատնտեսությունը այդտեղ ևս զարգանա:

«Կանաչ արահետը» Կոտայքում, Տավուշում և Շիրակում հիմնել է «Ուսուցման կանաչ կենտրոններ», որոնք աշխատում են տվյալ համայնքների հետ, դասընթացներ կազմակերպում: Նպատակ ունեն նման ուսուցման կենտրոններ հիմնել բոլոր մարզերում:

Ջրվեժից Աննա Հակոբյանն ուղևորվել է Առինջ գյուղ՝ «Լևոնի աստվածային գետնափոր» թանգարան: Այստեղ նրան դիմավորել են Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Զարոյանն ու թանգարանի տնօրեն Ալիտա Առաքելյանը:

Վարպետ Լևոնը հեռավոր 1985-ին է սկսել փորել գետնափորը՝ կնոջ խնդրանքով կարտոֆիլի հոր փորելու նախնական մտադրությամբ: Այդ օրերին վարպետ Լևոնի աչքերին տեսիլք է եկել, ու մի ձայն հորդորել է նրան շարունակել փորել և փորագրել այն, ինչ տեսնում է տեսիլքներում: Այդպես էլ արել է Լևոն Առաքելյանը, 23 տարում փորելով 21 մետր: «Լևոնի աստվածային գետնափորը» 6 սենյակ ունի՝ մոտ 300 քմ մակերեսով: Գետնափորը ձեռքով է փորել`մուրճով ու հատիչով: Լևոն Առաքելյանը կյանքից հեռացել է 2009 թվականին, մեկ քառորդ դար ստեղծած ստորգետնյա թանգարանը թողնելով ընտանիքին:

Աննա Հակոբյանը վարպետի դստեր ուղեկցությամբ շրջել է գետնափորում և տպավորված դուրս եկել, արձանագրելով, որ վարպետի ձեռքի գործը կամքի մեծ ուժ պահանջող աներևակայելի աշխատանք է:

Վարչապետի տիկինը շրջել է նաև փոքրիկ տուն-թանգարանում, որտեղ վարպետի գործիքներն ու աշխատանքային հագուստն են ցուցադրված, գրություն է թողել թանգարանի մատյանում:

Նույն համայնքի Կամարիս գյուղում Աննա Հակոբյանն այցելել է «Ռոք բերի» հատապտուղների արտադրամաս, տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ շրջել արտադրամասում, ծանոթացել գործունեությանը:

Ծնվելով ու մեծանալով գյուղում՝ Ալեքսանը ծանոթ էր գյուղերի խնդիրներին, որոշել էր իր ներդրումը հենց գյուղատնտեսության մեջ կատարել: Նպատակը նոր տեխնոլոգիաների միջոցով ջերմատնային տնտեսության զարգացումն էր, բարձրորակ արտադրանք ստանալն ու աշխատատեղեր հիմնելը: 2018-ին հիմնած ջերմատունն այժմ 11 հա տարածք է զբաղեցնում, Ալեքսան Առաքելյանը 13.5 մլն եվրո ներդրում է կատարել, ստեղծել մի քանի հարյուր աշխատատեղ, աճեցրել բարձրորակ արտադրանք, որի 95 տոկոսը արտահանվում է Ռուսաստան, մնացած մասը Հայաստանում է սպառվում:

Առաքելյանը նպատակ ունի ընդլայնել արտահանման աշխարհագրությունը: Վստահ է, որ այս ջերմոցները տեխնիկական հագեցվածությամբ գերազանցում են եվրոպական ջերմատների 80 տոկոսին:

Առաջին փուլով 5 հա ելակի ջերմատուն են հիմնել, որը ընկերության գլխավոր արտադրանքն է: Բերքը բիոլոգիապես մաքուր է, քանի որ աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով, ընկերությունում քիմիկատները բացառել են 95 տոկոսով, իսկ վնասատու միջատների դեմ պայքարում են գիշատիչ միջատներով` բնության օգնությամբ:

Հիմա պետության հետ քննարկում են օդային ճանապարհով հատապտուղ արտահանելու հնարավորությունը, քանի որ ցամաքային ճանապարհով արտահանելը պարբերաբար խնդիրներ է առաջացնում:

Աննա Հակոբյանն առաջարկել է մի քանի գործարարներով սեփական բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու հնարավորությունը ևս դիտարկել:

Բացի ելակի ջերմատներից, ընկերությունը ունի հապալասի 2 հա ինտենսիվ այգի, աճեցնում են նաև մոշ, ազնվամորի, հաղարջ, կոկռոշ:

Please enter a valid URL