Search
Close this search box.

«Ժողովուրդ». Նորանշանակ նախարարի առաջին հրահանգը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ մի շրջաբերական է հայտնվել, որտեղ տիկին նախարարը Երեւանի փոխքաղաքապետին ու ՀՀ բոլոր մարզպետարանների գլխավոր քարտուղարներին հրահանգ է իջեցրել խուսափել դպրոցների ռազմականացումից:

Ավելի պարզ ասած՝ դա նշանակում է հրաժարվել համագործակցել ռազմական այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Կոմանդոս ռազմամարզական ակումբը», «Զարկ» ծրագիրը, «Փոքր Մհերը», ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) ռամահայրենասիրական հասարակական կազմակերպությունը եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ժաննա Անդրեասյանը վերոնշյալ շրջաբերականը դեռ փոխնախարար եղած ժամանակ է ստորագրել: Ի՞նչ է ստացվում. դպրոցներում, փաստորեն, բացի «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) առարկայից, դպրոցականները ռազմահայրենասիրական այլ ծրագրերի ու դասընթացների այլեւս չեն կարող մասնակցել:

Սա, փաստացի, կառավարող ուժի գործելաոճն ու ձեռագիրն է՝ ինչքան հեռու հայրենասիրությունից, այնքան ավելի լավ: Փաստորեն, դեռ պետք է շնորհակալ լինենք, որ տիկին նախարարուհին չի որոշել ՆԶՊ առարկան հանել առարկայացանկից. նրա նախորդներն, ի դեպ, 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո նման մտադրություն ունեին, հանրային ճնշման ներքո, սակայն, այդ գաղափարից, փառք Աստծո, հրաժարվեցին:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL