Պարզ է դարձել արդեն չորս օր Լաչինի միջանցքում շարունակվող ադրբեջանական սադրանքի նպատակը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այժմ նրանք պահանջում են ոչ թե հանդիպում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, այլ Բաքվի կողմից ճանապարհի վերահսկողության ապահովում եւ «Ադրբեջանի պետական ինքնիշխանության ամբողջական վերականգնում՝ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»։
Հիշեցնենք, որ ակցիան իբր իրականացվում է «բնապահպանների» կողմից եւ ի սկզբանե հայտարարված էին «բնապահպանական նպատակները»։ Վերջին պահանջները, ադրբեջանական ընկալմամբ, սերտորեն կապված են բնապահպանական խնդիրների հետ։
«Ակցիայի մասնակիցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ակտիվիստները վճռական են տրամադրված՝ կանխելու նախկին ձեւաչափով Լաչինի ճանապարհի գործելը եւ կշարունակեն ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չէ Բաքվի կողմից ճանապարհի վերահսկողությունը», — վստահեցնում է haqqin.az-ը՝ դրանով իսկ ամբողջությամբ հաստատելով ադրբեջանցի սադրիչների կողմից ճանապարհի հանցավոր շրջափակման մասին Երեւանի հայտարարությունները։