Հայաստանի ռուսանպաստ քաղաքական շրջանակներն ու զլմ-ներն իրենց ապաշնորհությամբ ու պրիմիտիվությամբ հանդերձ մի «դրական» առանձնահատկություն ունեն՝ նրանց գործածած քարոզչական թեզերին ու ակցիաների բովանդակությանը հետեւելով կարելի է բավական պարզ պատկերացում ստանալ Ռուսաստանի մտադրությունների մասին։ Ավելի պարզ՝ նրանք վերը բերված հատկանիշների «շնորհիվ» իրականում բացահայտում են ռուսների մտադրությունները։
Ընդ որում, որքան ավարտին են մոտենում Հայաստանի դեմ Մոսկվայի ծրագրերը, այնքան այս իրավիճակը ցցուն է դառնում։ Եվ դա բնական է՝ ՌԴ-ն ներկայում Հայաստանի առաջ կանգնած է ուղիղ, իր դեմքով, եւ ցապառական ոչ մի «բնապահպանով» հնարավոր չէ քողարկվել։
Իհարկե, հույսն այս շրջանակները չեն ռուսների մտադրությունները պարզելու հարցում՝ ոչ պակաս ապաշնորհ ու կացնային են գործում Ռուսաստանի պաշտոնական շրջանակներն ու քարոզիչները։ Հատկապես նրանք, որոնց հանձնարարված է դրական սպասումներ ձեւավորել հայերի մոտ։
Ռուսական կայսերական գաղափարախոսներից Սերգեյ Կուրղինյանն էր ժամանակին դժգոհում հատկապես նախկին միութենական հանրապետություններում ռուսական ագենտուրայի ու կրեատուրայի բարոյական ու քաղաքական որակներից եւ հռետորական հարց տալիս, թե ինչու են Ռուսաստանի հետ համաձայնում աշխատել, եւ Ռուսաստանն էլ ընտրում է անարժանապատիվ մարդկանց, ապուշներին ու հացկատակներին, որոնք պետք եղած ժամանակ «թռնում» են։ Կուրղինյանն, իհարկե, շատ լավ գիտեր, թե ինչու։ Հայկական ռուսանպաստ կոհորտը դեռ չի «թռնում» ոչ թե գաղափարական-քաղաքական արժեհամակարգի, այլ դրանց իսպառ բացակայության եւ Կուրղինյանի թվարկած հատկանիշների գերխտացվածության պատճառով։
Lragir.am