Հ.Պ.-ն, 2012-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը, օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հիմնադիրներին և տնօրենին խարդախությամբ հափշտակել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Արդյունքում, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 100 մլն դրամի գույքային վնաս:
Վարույթով հիմնավորվել է, որ Գ.Դ.-ն և Հ.Ա.-ն, 2012 թվականին հիմնադրել են «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն)՝ նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 3230.0 քմ մակերեսով հողատարածքը, որը Պուշկին փողոցին հարող հատվածից 300.0 քմ մակերեսով ծանրաբեռնված է եղել կաթսայատնով:
Այնուհետև, տարածքը ուսումնական նպատակով օգտագործելու կեղծ պատրվակով, հիմնադրումից 4 օր անց Ընկերության տնօրեն Ն.Կ.-ն Երևանի քաղաքապետին է ներկայացրել ներդրումային ծրագիր՝ առաջարկելով Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Փոխարենը Ընկերությունը պարտավորվել է «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումից բացի՝ իրականացնել լրացուցիչ մակերեսի կառուցապատման աշխատանքներ՝ դպրոցի պայմանները բարելավելու նպատակով: Եզրակացություն ստանալու նպատակով քաղաքապետը ներդրումային ծրագիրը հասցեագրել է նախկին նախարար Հ.Պ.-ին:
ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, տեղեկացված լինելով Ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: Ծրագրին հավանություն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, ով Ընկերության տնօրեն Ն.Կ.-ի եղբայրն է:
Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012 թվականի դեկտեմբերի 13-ին Ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման և գրավի» ու «Գլխավոր կապալի» պայմանագրեր, որոնցում դիտավորությամբ չի ներառել Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորություններից՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պարտավորության կատարումը («Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրը, ըստ ներդրումային ծրագրի՝ պետք է արժենար 800 մլն դրամ): Այդ կերպ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, խոչընդոտները վերացնելով, Ընկերությանը հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ իր սեփականության իրավունքը գրանցել Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Այնուհետև, ՀՀ մշակույթի նախկին նախարարը երկու նախագիծ է ներկայացրել Կառավարություն, որոնցով առաջարկել է կատարել փոփոխություն արդեն իսկ առկա որոշման մեջ: Այն է՝ կատարել դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում, տեղեկացված լինելով, որ այն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով: Մեկ այլ փոփոխությամբ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի միջնորդության հիման վրա առաջարկվել է դպրոցին երաժշտական գործիքներ տրամադրել՝ դպրոցի մարզադահլիճի և այլ հատվածների հիմնանորոգման փոխարեն: Արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունը կատարել է Կառավարության որոշմամբ սահմանված՝ կաթսայատան կառուցման և երաժշտական գործիքների տրամադրման պարտավորությունները, որպիսի պայմաններում Երևանի Ե.Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը խարդախությամբ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 100 մլն դրամի գույքային վնաս:
Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում: Դատախազը որոշում է կայացրել նաև պետական սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար հանրային քրեական հետապնդումներ հարուցել Գ.Դ.-ի, Հ.Ա.-ի, Հ.Խ.-ի «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մ.Կ.-ի, վերջինիս եղբայր Ն.Կ.-ի նկատմամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ գլխավոր դատախազություն