Search
Close this search box.

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի մասին ծանր զրույց է ունեցել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 20 օր առաջ ահազանգել էր, որ «Արցախն անկլավ դառնալու» վտանգի առաջ կարող է կանգնել: Այսօր, ցավոք, մեր տեղեկություններն իրականություն են դարձել, ու Արցախի մեր՝ ավելի քան 120 հազար քաղաքացիներն արդեն չրրորդ օրն անընդմեջ ոչ միայն շրջափակման մեջ են գտնվում, այլեւ հումանիտար աղետի առաջ են կանգնած: Ադրբեջանը խոչընդոտում է նաեւ գազամատակարարումը, ու Արցախն արդեն 3-րդ օրն է՝ նաեւ գազ չունի:

Բացի այդ, մոտ 20 օր առաջ արդեն Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի գլխին կախված վտանգի մասին ծանր զրույց էր ունեցել, նրանց մոտ սրտնեղել, թե այս իրավիճակում Հայաստանը մենակ է մնացել, ու եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սադրանքի դիմել, հայտնի չէ, թե ինչ է լինելու:

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել, թե մոտ 20 օր առաջ ինչ են զրուցել վարչապետ Փաշինյանի հետ: «Հիմա դժվար մտաբերեմ այդ մանրամասները, բայց Ադրբեջանի այս պահվածքը սպասելի էր. մենք պետք է նման իրադարձությունների նախապատրաստված լինենք»,- նշեց նա:

«Մեր հարցը հենց այդ մասին է, որ իմանալով գլխներիս գալիքը՝ իշխանությունը կանխող ի՞նչ քայլեր է արել»,- ավելի հստակ ձեւակերպումով դիմեցինք իշխանական պատգամավորին, ինչին ի պատասխան՝ արձագանքեց. «Դուք ուշադիր հետեւե՞լ եք Հայաստանի պաշտոնատար այրերի ուղեւորություններին աշխարհի տարբեր մայրաքաղաքներ ու քաղաքներ: Բա էդ բոլորն ինչի՞ համար են արվում: Նրանք հո զբոսաշրջիկ չե՞ն: Կամ պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի նախագահի՝ տարբեր երկրներ այցերը…»:

Թերեւս իրադարձություններն ու գործընթացներն են խոսում եւ վկայում, թե իրականում «աշխարհի մայրաքաղաքներում» հայ պաշտոնյաներն ինչ են արել, ինչով են զբաղվել. Հայաստանին պատուհասած վտանգնե՞րն են ներկայացրել, թե՞ զբոսաշրջիկի կարգավիճակով ամենատարբեր «տուրերի» են մասնակցել:

Փաստն այն է, որ արդեն 4-րդն օրն է՝ Արցախի մեր հայրենակիցների գլխին ցեղասպանվելու սուր է կախված, բայց «աշխարհի մի քանի մայրաքաղաքները», բացի «կոչ անելուց», ուրիշ որեւէ կերպով հավանական ոճրագործությունը չեն էլ փորձում կանխել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL