Քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախը նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեջլումյանը:
«Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգն աշխատում է Հայաստանի Հանրապետության համակարգերի հետ զուգահեռ ռեժիմներում: Արցախի էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային անջատումների դեպքում առաջանում է հզորության դեֆիցիտ, որը լուծվում է Հայաստանի Հանրապետությունից փոխհոսքի օգնությամբ: Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110 կՎ օդային գծով»,-մանրամասնեց ոլորտի պատասխանատուն՝ հավելելով, որ տվյալ գծի զգալի մասն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչընդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և, բնականաբար, պարունակում է համապատասխան ռիսկեր:
«Իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում կառաջանա հզորության դեֆիցիտ և ստիպված կլինենք անցնել հովհարային անջատումների: Պայմանավորված Ադրբեջանի կողմից գազամատակարարման արգելափակմամբ, ինչպես նաև ներկա ջեռուցման ժամանակաշրջանով, կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածության աստիճանը: Հետագայում վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան»,-ասաց Մեժլումյանը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է շիկացման բոլոր լամպերը փոխարինել ԼԵԴ տեսակով, ինչպես նաև լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնակելի տների ջերմամեկուսացման ուղղությամբ, ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա և տնից դուրս գալիս անջատել վարդակից բոլոր սարքերը: