Մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջական հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետությունում կան կարմիր գծեր, որոնք հստակ են մեզ համար։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ադրբեջանը հաճախ հայտարարում է, որ Արցախի քաղաքացիները կարող են ունենալ այն իրավունքները, ինչ իրենց քաղաքացիները, դա ո՞րն է՝ պատանդի կարգավիճակում լինե՞լը, անջատված գա՞զը և ձմռան այս պայմաններում տաքանալու հնարավորություն չունենա՞լը։ Երկրորդ արձանագրումը, որ ցանկանում եմ անել, միջազգային դիտորդական մանդատի արձանագրումն է, սա ի ցույց է դնում, որ մենք լրջորեն պետք է զբաղվենք դրանով և զրուցենք մեր միջազգային գործընկերների հետ այդ մանդատի հարցով։ Անկախ նրանից՝ մենք բավարարվա՞ծ ենք խաղաղապահների մանդատից, թե ոչ, այս ամենը ցույց է տալիս, որ խաղաղապահները այնտեղ անհրաժեշտ են և առաքելությունը պետք է երկարաձգվի, միգուցե պետք է դիտարկենք նաև միջազգային այլ ֆորմատներով այնտեղ հսկողություն իրականացնելու հարցը»,- ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ֆրանսիան արել են հասցեական հայտարարություններ։
«Մեր ունեցած տեղեկություններով նաև ՌԴ-ն է պատրաստվում նմանատիպ հայտարարություն անել, հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում, հուսանք այս անգամ հուսախաբ չեն անի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։