Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի թշնամական գործողությունները դատապարտելի են: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:
«Ադրբեջանի թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղում դատապարտելի են: Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումն ադրբեջանցիների կողմից հսկայական վտանգ է ներկայացնում խոցելի բնակչության համար», -գրել է Փալոնը։
Ֆրենկ Փալոնն իր գրառմանը կից ներկայացրել է նաև ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների տարածածհայտարարությունը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունները:
Ավելի վաղ կատարած գրառման մեջ Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանի և բոլոր հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար:
«Ադրբեջանն արդեն երկու տարուց ավելի է՝ ապօրինաբար գերության մեջ է պահում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանին: Ալիևի վարչակարգը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորել և թույլ տվել մարդու իրավունքների տարբեր խախտումներ», — գրել էր ԱՄՆ կոնգրեսականը: