Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը միջազգային հանրությանը կոչ արեց զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։
Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Բաբայանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Ֆրանսիա կատարած այցից վերադարձած պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
«Մենք իսկապես չկարողացանք վերադառնալ: Ստիպված էինք կանգ առնել Գորիսում, հետո վերադառնալ Երեւան»,- ասաց Բաբայանը։
Արցախի արտգործնախարարը արձանագրեց, որ Արցախը շարունակում է պայքարել։ «Մենք բոլորս պետք է միասնական ճակատով հանդեես գանք։ Կոչ եմ անում ամբողջ հայությանը համախմբել ջանքերը։ Կոչ եմ անում նաեւ միջազգային հանրությանը զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը եւ ամեն ինչ անել ճանապարհը բացելու համար»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն մեկ օրից ավելի է շրջափակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։